Հալեպում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի նահատակված և մահացած հայ մարզիկները» գրքի շնորհանդեսը
CultureՀալեպում Սիրիայի հայ սև գոտիների միության վարչության կազմակերպությամբ և Հալեպի ԲԱԱՍ կուսակցության հովանավորությամբ «Զ. Գաբրիելյան» սրահում տեղի է ունեցել մարզական ելույթ և «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի նահատակված և մահացած հայ մարզիկները» վերնագրով հայերեն ու արաբերեն գրքերի շնորհանդեսը:
Այս մասին տեղեկացանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սիրիական կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Բացումն սկսվել է հայկական ու սիրիական օրհներգերով, ապա ներկաները հոտնկայս հարգել են ապրիլյան մեկ ու կես միլիոն զոհերի, ինչպես նաև Սիրիայում զոհված սիրիացի և հայ նահատակների հիշատակը:
Միջոցառման ընթացքում հայերեն և արաբերեն բացման խոսքեր են հնչել, ապա ներկաները տեսաերիզով ծանոթացել են չինական մարտարվեստին, որից հետո Սիրիայի հայ սև գոտիների միության սաները ցուցադրել են մարտարվեստի տարբեր ձևեր:
Միջոցառման երկրորդ մասում ներկայացվել են «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի նահատակված և մահացած հայ մարզիկները» հայերեն ու արաբերեն գրքերը: Գրքերի հեղինակ Ավո Գաթրջյանը հակիրճ ներկայացրել է գիրքը գրելու մտահղացումը, դրա հիմնական բաժինները: Նա նշել է, որ գիրքն ընդգրկել է Օսմանյան կայսրությունում ապրող հայ մարզիկներին, նաև մարզական ակումբերն ու ընկերությունները:
Միջոցառմանը ներկա են եղել ԲԱԱՍ կուսակցության Հալեպի ներկայացուցիչը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սիրիական կենտրոնական մարմնի անդամներ, Հալեպի մարզական, մշակութային, բարեգործական միությունների ներկայացուցիչներ: Ներկաները մեծ բավականություն են ստացել միջոցառումից: