Նոր օրենքով արտագնա աշխատողների չկարգավորված դաշտի վերահսկման բարենպաստ պայմաններ են ստեղծվել. Արմեն Ռուստամյան
SocietyՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եկամտահակի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն իր բովանդակությամբ վատը չէ, բայց սխալ է ներկայացվել ու ընկալվել: «Եթե խորը ուսումնասիրեն օրենքը, կտեսնեն, որ այն նպաստավոր պայմաններ է ստեղծում կազմակերպված ու վերահսկելի աշխատուժի արտահանման համար: Մեր շինարարաները, որոնք կաշխատեն այլ երկրներում, հարկ կվճա րեն Հայաստանում, այլ ոչ թե այն երկրներում, որտեղ աշխատում են: Բնականաբար, որոշակի արտոնություններ են նախատեսված այդպիսի շինարարանական ընկերությունների համար եկամտահարկի մասով, կարծում եմ` ընդհակառակը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որ չկարգավորված դաշտը դառնա շատ վերահսկելի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով` այս օրենքի ընդունմամբ հետագայում կարելի է կարգավորում սահմանել այլ երկրում աշխատող հայերի առողջապահական խնդիրների առումով: «Հայտնի է, որ մեր շատ հայրենակիցներ վերադառնում են արտագնա աշխատանքից տարբեր վիրուսակիր հիվանդություններով: Դրա հետ կապված կարող ենք որոշակի վերահսկություն իրականացնել, որը ևս հնարավորություն է տալիս այս կարգավիճակը ունենալով»,-հայտնեց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը նշեց, որ օրինագծին իրենք ձեռնպահ են քվեարկել ոչ թե դեմ լինելու համար, այլ` այսպիսի օրենքները չպետք է անցկացվեն շտապողականության մթնոլորտում: «Քանի որ այն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, պետք է նախապես քննարկվի»,-նշեց Արմեն Ռուստամյանը:
Ազգային ժողովը մայիսի 5-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, իսկ մայիսի 6-ին այն ընդունեց ամբողջությամբ: