Մայր Աթոռում պատարագ է մատուցվել Երկրապահի օրվա առթիվ
SocietyՄայր Աթոռ Ս. Էջմիածնում մայիսի 8-ին նշվել է Երկրապահի օրը: Այս առիթով Մայր Տաճարում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, սրբազան արարողությանը ներկա են եղել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:
Պատարագին Սրբազան Հայրը քարոզել է օրվա խորհրդի շուրջ: Իբրև բնաբան ընտրված Հովհաննու Ավետարանի՝ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (ԺԵ 13) խոսքին համահունչ՝ Հովակիմ Սրբազանը նշել է, որ չկա ավելի մեծ զոհաբերություն, քան այն, որ անձը իր կյանքն ընծայաբերում է Հայրենիքի զոհասեղանին, հայրենի եզերքը պաշտպանելիս` վասն հավատո և վասն հայրենյաց:
Պատարագիչ Սրբազանն ընդգծել է, որ այս գաղափարը դարեր ի վեր առաջնորդող է եղել եկեղեցու համար, և եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում օրհնել և մեծապես գնահատել է, երբեմն էլ դասել սրբերի շարքը եկեղեցու այն զավակներին, ովքեր կանգնել են իրենց սրբությունների, հայրենի սահմանների և արդարության պաշտպանության համար: «Այս եկեղեցու խորանից պատմության բերմամբ վերջին հարյուրամյակների ընթացքում օրհնվել են շատ հայորդիներ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր հայրենի սահմանները: Այսպես գործեցին Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկը` Արծիվը Վասպուրա կանի, Գևորգ Ե Սուրենյանց և Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսները: Հայ զորքին օրհնեց նաև Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետը, և այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ օրհնության են արժանանում հայ երկրապահները, ովքեր մեր երիտասարդ հայորդիներին հոգի և շունչ են հաղորդում` պաշտպանելու մեր հայրենի եզրերը», - հավելել է Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված միշտ օրհնի հայ ժողովրդին և հայի բազուկն իր պայքարի մեջ, խաղաղություն պարգևի Հայրենիքին և ողջ աշխարհին:
Պատարագի ավարտին, նախագահությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն` արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ քաջարի մարտիկների հոգիների հանգստության և խաղաղության համար: