Գյումրիում հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը
SocietyՇիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները` մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն: Այս պանթեոնում է հանգչում գյումրեցի 64 ազատամարտիկ: Մյուսները հանգչում են իրենց ընտանեկան գերեզմանատներում: Մարզային ու քաղաքային իշխանություններից բացի, զինակից ընկերների հիշատակը հարգելու ու անցյալի հերոսական օրերը վերհիշելու համար պանթեոն այցելեցին նաև գյումրեցի ազատամարտիկները, երկրապահները, զոհվածների հարազատները:
Ի դեպ, Արցախի ազատագրման համար զոհվել է 154 գյումրեցի: Սակայն այսօր էլ ազատամարտիկները հանուն հայրենիքի պատրաստ են այդ նահատակությանը: «Այսօր հարգանքի և պարծենալու օր է՝ Շուշիի ազտագրման օրը: Մենք պետք է կարողանանք այդ հաղթանակները պահպանել ու հարգել այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Շուշիի: Ու թող մեր սերունդներն էլ տեսնեն և հասկանան, որ այս մարդկանց կյանքի գնով մենք այսօր ունենք անկախ երկիր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Սա մեր Եռատոնն է: Մենք մեծ հերոսական անցյալ ունենք: Նախ՝ Մեծ Հայրենականի հաղթանակով, ապա՝ Շուշիի ազատագրմամբ մենք կարողացանք ապացուցել, որ կանք ու կարող ենք հաղթել, այն էլ՝ փառահեղ կերպով: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր գնացին, զոհվեցին ու իրենց կյանքի գնով ապահովեցին մեր այս հաղթանակները»,- լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: