Արցախցին իր հերոսական ոգով այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը. Բակո Սահակյան
SocietyՀաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես փոխանցեցին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում նայիսի 9-ը բնութագրել է որպես մեր ժո ղովրդի ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը, որը հանդիսանում է մեր փառավոր հաղթանակների մարմնացումն ու խորհրդանիշը: Նա նշել է, որ այս տոնը հնարավոր է դարձել նաեւ մեր ժողովրդի նվիրումի ու խիզախության, հայրենասիրության ու անձնազոհության շնորհիվ, թափած արյան ու կրած զրկանքների գնով:
«Մենք հպարտանում ենք մեր հայրերի ու պապերի, մեր նորօրյա հերոսների քաջագործություններով ու սխրանքով եւ ափսոսում ենք, որ այսօր այս ուրախությունը մեզ հետ չեն կիսում մեր ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակները»,- ասել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արցախցին իր հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը: «Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին մենք այսուհետ էլ կանենք հնարավորը Արցախը շենացնելու եւ նրա հուսալի ապագան կերտելու ուղղությամբ»,- նշել է Բակո Սահակյանը: