Երեւանում մեկնարկել է «Չինական լեզվի կամուրջ» խորագրով մրցույթը
SocietyՀայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկած «Չինական լեզվի կամուրջ» խորագրով չինարենի մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի մեկնել Չինաստան։ Սա բացառիկ հնարավորություն է հայ ուսանողների համար ավելի խորն ուսումնասիրելու չինարենն ու չինացի ժողովրդի մշակույթը:
ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նշեց, որ մրցույթը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: «Այս անգամ մրցույթին մասնակցում է 8 հոգի, որից երկուսին հնարավորություն կընձեռվի մեկնել Չինաստան: Նրանք արդեն գրավոր աշխատանք են ներկայացնել, իսկ այսօր մրցույթին բանավոր խոսք են ներկայացնելու, չինարենով երգելու են ու պատասխանելու ժյուրիի անդամների հարցերին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ուղևորվելու Չինաստան՝ մասնակցելու «Չինական լեզվի կա մուրջ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին: Իսկ երկրորդ տեղը գրաված ուսանողը կմեկնի մրցույթին՝ որպես հանդիսատես»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունն իր ելույթում կարեւորեց Հայաստանի ու Չինաստանի միջև գոյություն ունեցող հին բարեկամական հարաբերությունները, որոնց արմատները «հասնում են պատմության խորքը»։ «Վերջին շրջանում նման ավանդական հարաբերություններն ստացել են նոր զարգացումներ, աճել է փոխադարձ հետաքրքրությունը, մասնավորապես, մշակույթի ու լեզվի նկատմամբ»,- հայտնեց նա` հավելելով, որ մրցույթն իսկապես մշակութային կամուրջ կհանդիսանա Հայաստանի եւ Չինաստանի միջեւ:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ շեշտեց, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի հարաբերություն, եւ փաստը, որ Հայաստանում երկրորդ անգամ է անցկացվում նմանատիպ միջոցառում, խորհրդանշում է բարիդրացիական հարաբերությունների մակարդակի մասին։
«Սա վկայում է այն մասին, որ մեր երկու երկրները հետևողական են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Կարծում եմ, որ լավագույնը, որ կարող ենք անել փոխադարձ հետաքրքրություն և սեր սերմանելն է երկրների մշակույթի, լեզվի հանդեպ։ Ես ուզում եմ ընդգծել, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ»,- շեշտեց նա։