Ութ երկրների ազգային սկաուտական կազմակերպություններ Հայաստանում դասընթացի կմասնակցեն
SocietyՀայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայրում մայիսի 6-11-ը տեղի է կունենա «Էքսելսկաուտ 2015» (ExcelScout 2015) միջազգային ուսուցողական դասընթաց՝ «Եվրասիա» սկաուտական տարածաշրջանի ութ երկրների ազգային սկաուտական կազմակերպությունների 18-26 տարեկան 23 երիտասարդների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի ազգային սկաուտական շարժում»՝ «ՀԱՍԿ» ՀԿ-ի գրասենյակից, միջազգային դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների տեսական եւ գործնական գիտելիքները՝ սկաուտական բանակումներ (ճամբարներ) կազմակերպելու գործում, ինչպես նաեւ հարթակ ստեղծել տարբեր կազմակերպություններ ներկայացնող սկաուտ-առաջնորդների փորձի փոխանակման եւ հետագա համագործակցության համար:
Մայիսի 9-10-ը Երեւանում տեղի կունենա «Եվրասիա» սկաուտական տարածաշրջանի կոմիտեի նիստ: Նիստին մասնակցելու են նաեւ Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիըրը, համաշխարհային սկաուտական կոմիտեի անդամներ Բագրատ Եսայանը (Հայաստան), Աբդուլահ Ալֆահադը (Սաուդյան Արաբիա), Արաբական տարածաշրջանային կոմիտեի նախագահ եւ համաշխարհային սկաուտական կոմիտեի անդամ Յուսեֆ Խադաջը (Լիբանան):
Մայիսի 10-ի երեկոյան Բյուրականի բանակավայրում բոլոր հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա ExcelScout 2015 միջազգային դասընթացի փակման հանդիսությունը:
Հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հանդիպումներ են սպասվում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: