Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԼՂՀ և ՀՀ կառավարությունների փոխգործակցության մակարդակը
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը ողջույնի խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: Հովիկ Աբրահամյանը, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի հա մար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:
Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Նա կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:
Հաջորդիվ Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:
Հանդիպման ավարտին երկուստեք ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ: