Դերասանուհի Լինդսի Լոհանին սպառնում է նոր բանտարկություն հասարակական աշխատանքների նորման չկատարելու համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Լոս Անջելեսի դատարանը սպառնացել է հոլիվուդյան դերասանուհի և մոդել Լինդսի Լոհանին «լուրջ հետևանքներով», եթե նա չկատարի իր որոշումը և 125 ժամ չհատկացնի հասարակական աշխատանքներին: Այդ մասին հայտարարել է դատավոր Մարկ Յանգը, հաղորդում է tass.ru-ն:
«125 ժամից Լոհանն առայժմ աշխատել է 10 ժամից էլ պակաս: Եթե մայիսի 28-ի դրությամբ նա չլրացնի 125 ժամը, ապա նրան լուրջ հետևանքներ են սպառնում»,- նշել է դատավորը: Ինչպես հաղորդում է Թի-Էմ-Զի հրատարակչությունը, Լոս Անջելեսի դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ կպահանջի Լինդսի Լոհանին ձերբակալման օրդեր տալ, եթե նա չկատարի փորձնական ժամկետի պայմանները:
2012թ. ամռանը Լոհանը Լոս Անջելեսի արվարձանում անզգույշ երթևեկության պատճառով ընկել է վթարի մեջ: Դատարանը նշանակել է 3 տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում նա պետք է 125 ժամ հատկացնի հասարակական աշխատանքներին:
Լինդսի Լոհանի կարիերան որպես մոդել սկսվել է 3-ամյա հասակից: 10 տարեկանում դեր է ստացել հեռուստասերիալում: Դերասանուհուն հանրահայտություն է բերել «Անպիտան աղջիկներ» կոմեդիան, որից հետո սկսվեցին նրա ստեղծագործական անհաջողությունները և կենցաղային ցնցումները՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ: