Հաշմանդամություն ունեցողները մասնակցել են կարատեի մրցաշարին
SocietyՄայիսի 10-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների կարատեի 3-րդ բաց առաջնությունը, որը կազմակերպել էր JKA-Armenia ՀՀ-ում ճապոնական կարատեի ասոցացիան:
Կարատեի մրցումներին տարբեր տարիքային եւ քաշային խմբերում մասնակցեցին 500-ից ավելի մարզիկներ: Առաջին անգամ կարատեի բաց առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունեին նաեւ սայլակավոր հաշմանդամները: Մասնակցության հայտ էին ներկայացրել նաեւ ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից սայլակավոր հաշմանդամները:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ՝ ոչ միայն աշխատանքի են ընդունվել բազմաթիվ սայլակավոր հաշմանդամներ, այլեւ՝ խրախուսվում է նրանց շրջանում առողջ ապրելակերպը:
Մինչ սպորտային այս մրցմանը մասնակցելը ՏԿԱԻՆ աշխատակից սայլակավոր հաշմանդամները հնարավորություն են ունեցել մարզվելու եւ ձեռք են բերել համապատասխան սպորտային մարզավիճակ: ՏԿԱԻՆ վարչական շենքում` նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ՝ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները սայլակավոր հաշմանդամների սպորտային առօրյան կազմակերպելու համար:
Կարատեի բաց առաջնությանը մասնակցելու համար ՏԿԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամների հետ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել ՀՀ Ճապոնական կարատեի ասոցացիայից հրավիրված հատուկ վերապատրաստում անցած մարզիչները: ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից (ՃԿԱԿ) առաջնությանը մասնակցում էր 6 սայլակավոր հաշմանդամ:
ՃԿԱԿ աշխատակիցները կարատեի 3-րդ բաց առաջնության ժամանակ արհեստավարժ կերպով ներկայացրեցին համար առաջին` «հեյան շոդան» (հանգստություն եւ ինքնավստահություն) կատան: Մրցավարական անձնակազմը բարձր գնահատեց հաշմանդամ մասնակիցների սպորտաձեւին տիրապետելու եւ կատարողական վարպետությունը:
ՀՀ ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող մասնակիցներից Արտյոմ Սահակյանը եւ Նաիրա Աղաբեկյանը Երեւան քաղաքի Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի 3-րդ բաց առաջնությանը Ջու-Կումիտե ձեւում զբաղեցրին համապատասխանաբար՝ առաջին եւ երկրորդ հորիզոնականները, իսկ Մերի Մհլամյանը, Մերի Մանուկյանը, Նվարդ Սահակյանը եւ Գոհար Նավասարդյանը բաժանեցին երրորդ մրցանակային հորիզոնականը: