Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է անտանգության երաշխիքներ՝ քիմիայի օլիմպիադային մասնակցելու համար
SocietyԵթե Ադրբեջանը անվտանգության պետական երաշխիքներ չտրամադրի, Հայաստանը չի մասնակցի Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա հուլիսին:
«Մենք կարևորում ենք մեր երեխաների՝ օլիմպիական միջազգային շարժումներին մասնակցությունը: Մեր երեխաները պարբերաբար փայլուն հաջողություններ են ունենում: Մենք չենք ցանկանում նրանց զրկել օլիմպիական հնարավորություններից, միաժամանակ ավելի կարևորում ենք մեր երեխաների առողջությունը: Հետևաբար՝ եթե չլինեն անվտանգության պետական երաշխիքներ, որոնք կտրվեն Ադրբեջանի կողմից, մենք ստիպված կլինենք չմասնակցել այդ միջոցառմանը և հարցը բարձրացնել միջազգային ատյաններում, քանզի նման խտրական վերաբերմունք օլիմպիական շարժման ժամանակ չի կարող դիտվել: Իսկ եթե լինեն երաշխիքներ՝ մենք կփորձենք մասնակցել, գուցե ոչ ամբողջ տասն օրը: Մեր երեխաներին Բաքու կուղեկցեմ ես»,- նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարը շեշտեց, որ այժմ սպասում են պատասխանի:
Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային:Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից: Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայա ցվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմն անվտանգության երաշխիքների դեպքում կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: