«Վիտամին»-ի նոր նկարահանումներ չկան. Պրոդյուսերը՝ հումորային ակումբի ապագայի մասին
Lifestyle«Վիտամին ակումբ» հումորային ծրագիրը ժամանակավոր դադարից հետո վերսկսել է թողարկումը նախորդ հաղորդումների կրկնություններով, պատճառներին տեղեկանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց ծրագրի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց. «Խոստացվածի պես «Վիտամին ակումբ»-ը ապրիլի 24-ին միտված լռությունից հետո դարձյալ եթերում է, բայց կրկնություններով, իսկ դրա պատճառը կայանում է նրանում, որ մենք նոր նախագծեր ենք պատրաստում, որոնք կյանքի կկոչվեն հավանաբար 2 ամսից, որի մասին էլ սիրով ավելի ուշ կհայտարարենք,- նշեց նա ու փակագծերը չբացելով՝ հարցին, թե նոր նախագծերը կփոխարինե՞ն «Վիտամին ակումբ»-ին, պատասխանեց,- հիմա մենք մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք նոր նախագծերի վրա՝ դրանք զարգացնելու նպատակով, դրա համար էլ «Վիտամին»-ի նոր նկարահանումներ չկան, բայց «Վիտամին ակումբը» անպայման կլինի եթերում նոր ծրագրերի հետ համատեղության սկզբունքով, գուցե դրանք սեզոնային ոճով հերառձակվեն, գուցե համատեղ, դա ժամանակը ցույց կտա»: Վլադ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ նոր հաղորդումները մեծ հավանականությամբ դարձյալ «Շանթ» հեռուստաընկերությամբ կհերառձակվեն. «Քանի որ մեր գլխավոր գործընկերը «Շանթ» հեռուստաընկերությունն է, ուստի տոկոսային հարաբերականությամբ 99 տոկոսով հենց «Շանթ»-ով էլ նոր նախագծերը կներկայացնենք հեռուստադիտողին, իսկ, եթե «Շանթ»-ը հրաժարվի, այդ դեպքում, հնարավոր է, որ այլ հեռուստաալիքով դրանք հերառձակվեն»,- նշեց նա:
Անդրադառնալով Արամ MP3-ի այն հայտարարությանը, թե հնարավոր է, որ նա թողնի «Վիտամին ակումբ»-ն ու ուժերը կենտրոնացնի երգարվեստի ոլորտում, պրոդյուսերը նշեց, որ Արամ MP3-ին չի հեռանա. «Հստակ պլաններ չկան, դա գուցե ինքնաբերաբար ստացվի, բայց մի բան հստակ է և այսօր էլ պրակտիկայում այդպես է գործում՝ Արամը որոշակի մասնակցություն կունենա, գուցե նախկինից մի փոքր քիչ, բայց երաժշտական հատվածում հատկապես Արամը մեզ հետ կշարունակի աշխատել»,- զրույցը եզրափակեց Վլադ Սահակյանը: