Հայաստանում Իրաքի եզդիների նկատմամբ բռնությունների մասին գիրք են հրատարկել
SocietyՀայսատանում Իրաքի եզդիների նկատմամբ բռնությունների մասին գիրք է լույս տեսել: «Հարյուր տարի անց…» գիրքը հրատարակել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 1000 օրինակով տպագրված աշխատությունում ներկայացված են Իրաքում վերջին շրջանում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները և ծավալվող զարգացումները։
«Շատ կարևոր է, որպեսզի եզդիները սկսեն պայքար՝ հանուն իրենց իրավունքների։ Սակայն այդ պայքարը պետք է մղվի ոչ միայն մարտի դաշտում, այլև միջազգային ատյաններում։ Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի 2014թ. օգոստոսի 3-ից եզդիների նկատմամբ սկսված գործողություններն արձանագրվեն և մեկտեղվեն։ Եզդիներն այլևս իրենց պատմության արձանագրումը չպետք է վստահեն այլ ժողովուրդների։ Պետք է սկսել մի պայքար, որը լինի գրով և զենքով»,- «Հարյուր տարի անց…» գրքի շնորհանդեսին ասել է հեղինակ Բորիս Մուրազին՝ շեշտելով, որ այս գիրքը պետք է դառնա գրական և իրավական պայքարի մեկնարկը։
Բորիս Մուրազին նշել է, որ գրքի շարք գլուխներից են՝ «Արյունոտ օգոստոս», «Ցեղասպանություն վերապրածների վկայություններ», «Բռնություններ եզդի կանանց նկատմամբ», «Բռնություններ եզդի անչափահասների նկատմամբ», «Կանանց և երեխաների վաճառք» և այլն։ Առանձին գլուխներով անդրադարձ է կատարվել նաև տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային կառույցների ու Հայաստանի արձագանքին։ Գրքում տվյալները վերցված են հեղինակավոր աղբյուրներից, համաշխարհային մամուլից, միջազգային կառույցների զեկույցներից, Թուրքիայում եղած ժամանակ եզդի փախստականների հետ զրույցներից։
Բորիս Մուրազին ընդգծել է, որ նպատակ ունեն գիրքը թարգմանել անգլերեն, այն կտեղադրվի համացանցում։ Գիրքը կհատկացնեն նաև լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գրադարաններին, դեսպանատներին։