ՎԶԵԲ-ը Երևանի լուսավորության և մետրոյի դրենաժային համակարգի բարելավման ծրագրեր է սկսել
SocietyԱնցած տարին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համար Հայաստանում կատարած ներդրումների առումով ռեկորդային է եղել: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին: «Մենք Հայաստանում ներդրումներ ենք իրականացրել 18 ծրագրերում, իսկ ընդհանուր գումարը կազմել է 114 միլիոն եվրո: Այդ ծրագրերի շրջանակներում մենք մեծ հաջողությունների ենք հասել առևտրի խթանման և փոքր ու միջին բիզնեսի զարգացման առումով: Մեր ծրագրային փաթեթը բավական կայուն կերպով իրականացվում է»,- նշեց Չակրաբարտին:
Նա ընդգծեց, որ մայիսի 11-ին ինքը Երևանում երկու փաստաթուղթ է ստորագրել, որոնցից մեկը Երևանի փողոցային լուսավորման ծրագրի իրականացմանն է վերաբերում: «Այս ծրագրի շրջանակներում Երևանի 28 փողոցներում էներգախնայող և ավելի արդյունավետ լուսավորության համակարգ է տեղադրվելու: Եթե այս ծրագիրը հաջողությամբ իրականացվի, մենք կցանկանանք այն իրականացնել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Ենթադրում եմ, որ դուք ինքներդ կարող եք տեսնել այն օգուտը, որ կբերի այս ծրագիրը, որը կապված է ծախսերի կրճատման, էլեկտրաէներգիայի խնայողության, ինչպես նաև ընդհա նուր անվտանգության հետ»,- ընդգծեց Չակրաբարտին:
Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի ստորգետնյա դրենաժային թունելի երկարացման ծրագրին: Բացի այդ, ծրագիրը նաև ներառում է մետրոյի թունելի վերակառուցումը և մետրոյի վագոնների հետագա բարեկարգումը: «Ենթակառուցվածքները չափազանց կարևոր նշանակություն ունեն Երևանի համար, և այդ շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի Երևանի մետրոպոլիտենը: Այնպես որ, Երևանի մետրոպոլիտենում դրենաժային համակարգի ընդհանուր բարելավման հարցերը առանձնահատուկ կարևորություն ունեն ամբողջ մետրոպոլիտենի համակարգի համար»,- ընդգծեց ՎԶԵԲ նախագահը: