Եմենի ցեղախմբերը սաուդական զորքերի դիրքեր են գրավել
SocietyԵմենի բակիլ և համդան ցեղախմբերը մայիսի 11-ին հսկողություն են հաստատել սաուդական բանակի՝ Ջիզան շրջանում գտնվող սահմանային երեք բազաների վրա, որոնք գտնվում են Թուեյլա, Ալ Ջալլահ և Ալ Ռադիֆ բարձունքներում: Ինչպես հաղորդում է արաբական լրատվամիջոցները, սաուդացի զինվորները ստիպված փախուստի են դիմել՝ թողնելով իրենց զեն քերը: Բախումների ժամանակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել, որոնց թիվը դեռ չի նշվում:
Մյուս կողմից՝ սաուդական կողմը զենք է կուտակում սահմանին՝ ամրապնդելու համար իր ուժերը:
Սաուդյան Արաբիան ինն օդային հարվածներ է հասցրել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ Հադիդա քաղաքի մի քանի շրջանների ուղղությամբ: Ռմբակոծվել է Դալաայում գտնվող կենտրոնական բանտը:
Սաադա քաղաքում Հեյդան շրջանի ռմբակոծության հետևանքով ավելի քան 15 զոհեր են գրանցվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաադա քաղաքի Նուշուր հովտում ռազմական օդանավ է ընկել: Պարզվել է, որ օդանավը Մարոկոյին է պատկանում, որը մասնակցում է արաբական դաշինքի ռազմական գործողություններին:
Եմենում արդեն երկրորդ ամիսն է՝ Սաադա և Հաջջա նահնագները ուժեղ ռմբակոծության են ենթարկվում:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: