Վիեննայում կայացել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառում
SocietyԱվստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մայիսի 8-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` Վիեննայում անցկացված միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Կիրակոսյանը ներկա է եղել Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցած հիշատակի արարողությանը, որին մասնակցել են Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Դեսպանն Ավստրիայում հավատարմագրված ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների հետ ծաղկեպսակ է զետեղել Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը տեղակայված խորհրդային բանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Վիեննա քաղաքի կենտրոնում վեր խոյացող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին: Այնուհետև Ավստրիայում ՌԴ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի ազգային ճաշատեսակների մատուցմամբ:
Մայիսի 10-ին դեսպան Կիրակոսյանն ավստրահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցել է Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Դեսպանի անունից ծաղկեպսակ է զետեղվել համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եվրոպական ազգերի ռազմագերիների համալիրի կենտրոնական հուշակոթողին: Ծաղկեպսակներ են զետեղվել նաև խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների կողմից հուշահամալիրի տարածքում տեղադրված հուշատախտակներին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանությունների կողմից ծաղկեպսակներ են զետեղվել հայ ռազմագերիներին նվիրված հուշատախտակին:
Մասնակիցներն այցելել են նորաբաց թանգարանային սրահ և անվանասրահ, ուր հավերժացված են նաև հայ ռազմագերիների անունները՝ նաև հայերենով: