Մենք ամոթից գետինը պետք է մտնենք. Սոս Գիմիշյան
InterviewԱնդրադառնալով քաղբանտարկյալների թեմային եւ արդեն իսկ ազատության մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործունեությանը ու դրան խանգարող հնարավոր հանգամանքներին` «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նախեւառաջ նշեց.
«Երկրում երբեք չպետք է լինի քաղբանտարկյալ, այսինքն իրենց քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է հայտնվեն ճաղերից այն կողմ: Երբ ես իմացա, որ տղաներին ազատ են արձակել շատ ուրախացա, քանի որ սա եզակի այն դեպքերից էր, երբ իշխանությունը ճիշտ քայլի դիմեց:
Ես ցանկանում եմ, որ մյուս քաղբանտարկյալներին եւս հնարավորինս շուտ ազատ արձակեն, որպեսզի մարդիկ գործեն եւ իրենց քաղաքական ծրագրերն ու նպատակները կյանքի կոչեն` իրենց գործունեությամբ նպաստելով երկրի զարգացմանը»:
Իսկ ժամանակի ընթացքում քաղաբանտարկյալների թվերի ավելացման վերաբերյալ էլ Սոս Գիմիշյանը նշեց. «Այստեղ երեւում է զուտ քաղաքական ընդգծում եւ իշխանության մոտեցումը նման հարցերին: Եթե իշխանությունը թույլ է տալիս ունենալ քաղբանտարկյալներ, այսինքն նրանց ձերբակալում է քաղաքական հայացքներից ելնելով, ապա դա վկայում է պետության եւ իշխանության որակի մասին, բայց ոչ երբեւէ իրավական համակարգի: Իրավական համակարգը չի կարող որոշիչ լինել»:
Դե իսկ մինչ օրս իշխանության կատարած աշխատանքի որակի վերաբերյալ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը տվեց հետեւյալ գնահատականը.
«Մեր իշխանությունը լավը չէ. մեր կյանքը` որպես ապացույց: Նայեք ժողովրդի ծանր սոցիալական վիճակին: Մեր հասարակության զգալի մասը երկրից փախչում է, տեղի է ունենում սպիտակ եղեռն: Ասեմ, որ սրա մեղավորը նաեւ ես եմ, որ այսքան տարի քաղաքականության մեջ եմ, սակայն լուրջ արդյունքներ չենք գրանցել: Մենք ամոթից գետինը պետք է մտնենք, որ մի փոքր երկիր եւ մի բուռ ժողովուրդ չենք կարողանում նորմալ պահել»:
Տեղեկացնենք, որ երեկ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100-ամյակն առանց ռեժիմի» ծրագրի շրջանակներում մոտ օրերս հանրահավաք կանցկացնեն:
Սոսե Չանդոյան