Վերջին մեկ տարում լուրջ աշխատանք է տարվել էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ
SocietyՎերջին մեկ տարվա ընթացքում էներգետիկայի բնագավառում կատարված աշխատանքների մեծ մասն ուղղված է եղել «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի և դրանից բխող Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների կատարմանը:
Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում համակարգում կատարված աշխատանքները: «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ շարունակվել են էներգահամակարգի համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նոր ենթակառուցվածքների ու գծերի կառուցման ծրագրերը»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կվերակառուցվեն 220 կվ «Հաղթանակ», 110 կվ «Չարենցավան 3», և «Վանաձոր1» ենթակայանները, ինչպես նաև «Ագարակ 2» և «Շինուհայր» ենթակայանները: «Կսկսվեն SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները, որի արժեքը 37 միլիոն ԱՄՆ դոլար է: Նախատեսվում է նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը»,- հայտնեց նախարարը:
Նախարարն անդրադարձավ նաև «Վերականգնվող էներգետիկա» և էներգախնայողության բնագավառում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով, որ այս ոլորտում կա մեծ ներուժ, ինչը հարկավոր է նպատակային ու արդյունավետ օգտագործել: Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով անցած տարի էներգետիկայի մասին ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց համաձայն վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման ժամկետը, բացառությամբ հիդրոէներգետիկայի, երկարաձգվել է մինչև 20 տարի: 2014թ. հաստատվել է Հայաստանի մասնակցությունը Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) «Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման» ծրագրին, որի շրջանակում Համաշխարհային բանկը երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի համար կհատկացնի 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: