Բուենոս Այրեսում նշել են Հաղթանակի 70-րդ տարեդարձը
SocietyԲուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների համատեղ նախաձեռնությամբ մայիսի 9-ին նշվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայի արտաքին գործերի նախարարութ յան, մշակութային և արվեստի ոլորտը ներկայացնող, ինչպես նաև գիտա-ակադեմիական, Արգենտինայում հայկական, ռուսական և բելառուսական համայնքների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել Արգենտինայում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները:
Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «1915թ. Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայերը 30 տարի հետո՝ Խորհրդային միության բանակում, նաև Ֆաշիզմի դեմ պայքարող այլ պետությունների բանակներում, պարտիզանական շարժումներում հերոսաբար մարտնչեցին և ֆաշիզմի դեմ պայքարի կարևոր մասնակիցը դարձան։ 600 հազար հայ մասնակցեց պատերազմին, որոնց կեսից ավելին զոհվեցին՝ իրենց կյանքը տալով հաղթանակի սուր բ գործին։ 106 հայեր արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման, 100-ից ավելի հայ գեներալներ, չորս մարշալ և մեկ ծովակալ տվեցին հայերը Խորհրդային բանակին։ Բազմաթիվ հերոսներ և բարձրաստիճան հայ հրամանատարներ կային նաև ֆաշիզմի դեմ պայքարող այլ պետությունների բանակներում»։
Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես է եկել «Գայանե» պարախումբը: Հայազգի երգիչներ Ալլա Ավետիսյանի և Հարություն Աստվածատրյանի կատարմամբ հնչել է «Մեր անունն է հայկական բանակ» երգը, որի ընթացքում ցուցադրվող տեսահոլովակում ներկայացվել են ինչպես Հայրենական Մեծ պատերազմի, այնպես էլ արցախյան պատերազմի հերոսները՝ այդ կերպ նշանավորելով նաև Շուշիի ազատագրման հերոսամարտն ու հաղթանակը:
«Սիրանույշ» սրահի ճեմասրահում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առանձին պաստառ, որտեղ հանգամանալից ներկայացվել են հայազգի մարշալների, գեներալների և հերոսների լուսանկարները, սխրանքներն ու պարգևները:
Մայիսի 10-ին Բուենոս Այրեսի «Գրիգոր Լուսավորիչ» մայր տաճարում անցկացվել է պատարագ և հոգեհանգիստ` պատերազմի զոհերի հիշատակին, և ծաղկեպսակ է զետեղվել եկեղեցու բակում տեղադրված արցախյան պատերազմի հերոսների հուշարձանի մոտ: