Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Հաղթանակի 70- ամյակի միջոցառումներին
SocietyՍանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մայիսի 7-ին մասնակցել է Լենինգրադի` ֆաշիստական շրջափակման օրերին քաղաքը սնուցող «Կյանքի ճանապարհի» 47-րդ կիլոմետրում բացված «Պատռված օղակ» հուշակոթողի անմար կրակի հանդիսավոր վառման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեվիտինը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, ՀՄՊ հաշմանդամներ և Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ:
Մայիսի 8-ին Սանկտ Պետերբուրգի «Պիսկարյովսկի» պանթեոնում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն` Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ինչպես նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անուններից: