Խզմալյանի հարցազրույցն ադրբեջանական կայքին առաջացրել է հայ քաղաքագիտական շրջանակների քննադատությունը
SocietyԱդրբեջանական լրատվամիջոցին կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանի հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել և առաջացրել է հայ հասարակական-քաղաքագիտական շրջանակների քննադատությունը: Տիգրան Խզմալյանը ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ անելով դիտարկումներ, որոնք միանգամայն համապատասխանում են այն կեղծ քարոզչությանը, որն իրականացնում է Ադրբեջանը պաշտոնական մակարդակով: «Ֆեյսբուք»-ի իր էջում թուրքագետ Լևոն Հովսեփյանը գրել է. «Իռացիոնալիզմից անդին կամ ադրբեջանական haqqin.az կայքին Խզմալյանի տված հարցազրույցը…Երբ ծայրահեղ իռացիոնալիզմը կուրացնում է բանականությունը, նպատակն էլ` արդարացնում միջոցները: Փաստորեն, այնպիսի հարցազրույց է տվել, որ ադրբեջանական մամուլն իր ավանդական գործելաոճն ընդհանրապես չի խախտել ու չի էլ փորձել խեղաթյուրել»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ ընդգծելով, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանցիները իմացել են, թե ում կարելի է դիմել նման հարցազրույց ունենալու համար: Քաղաքագետը գրել է. «Հարցը միայն այն չէ, որ Խզմալյանն ադրբեջանական ամենակեղտոտ կայքերից մեկին հարցազրույց է տվել։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հենց իրեն են դիմել հարցազրույցի համար։ Նրանք էլ գիտեն ումից ինչ կարելի է սպ ասել։ Եվ, փաստացի, պլանավորած գործ են անում։ Երկրորդ բանը, որ անհանգստացնում է, իսկ ավելի ճիշտ` նյարդայնացնում, ֆեյսբուքյան` «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» որոշ օգտատերերի գրառումներն են։ Մեր մեջի «ադրբեջանասերներին» սենց մի առիթ էր պետք, որ ցույց տան, թե որքան «ազատական» են իրենց մոտեցումներում»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի համար նույնպես անընդունելի են այն մտքերը, որոնք արտահայտել է Խզմալյանն ադրբեջանական կայքին տված հարցազրույցում: «Ցանկացած ոլորտի նվիրյալի՝ անգամ մեծագույն վաստակն ընդամենը մեկ անմիտ, անհեռատես, իր խորքում որևէ անձնական, ազգային հարթություններում առարկայական արդյունք չունեցող քայլով դատապարտված է զրոյացման, իսկ այդ նվիրյալն էլ մեկ ակնթարթում վերածվում է հակազգային գործչի: Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Խզմալյանի հարցազրույցը հայրենիքի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող պե տության հակահայկական քարոզչության առաջնային գծում գործող համացանցային ռեսուրսներից մեկին ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և հայ հասարակության համար զրոյական արդյունք ապահովող քայլ, իսկ Ադրբեջանի համար՝ ընդամենը ներքին լսարանի աչքը շոյելուն ուղղված հերթական քայլ՝ այս անգամ արդեն հայ «արվեստագետի կարծիքի» կիրառմամբ, որի վերջնանպատակն այնքան պարզունակ է՝ «Տեսեք՝ Հայաստանում վիճակն այնքան օրհասական է, որ այդ մասին խոսելու համար հայերն օգտագործում են անգամ թշնամական պետության լրատվական ռեսուրսները»: Լավ է, անգամ անհրաժեշտ է, որ նաև մշակութային գործիչները բարձրաձայնեն երկրում առկա խնդիրների մասին, բայց դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է առավել ընդունելի հարթակների ընտրությունը:. Եթե անգամ Խզմալյանի հարցազրույցում որևէ օբյեկտիվ գնահատական կար հայ իրականության վերաբերյալ, այն մեղմ ասած միանգամայն հակառակ էֆֆեկտն է ունենում, ավելին՝ անգամ գործում նրա իսկ դեմ»,- գրել է արաբագետը: