Թեհրանը կքննարկի ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցը. Մոհամմադ Ռեյիսի
SocietyԹեհրանը կքննարկի եւ հաշվի կառնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում կատարած հայտարարությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ամրապնդի եւ զարգացնի առեւտրատնտեսական կապերն ու համագործակցությունը բազմաթիվ երկրների, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասաց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե Իրանի կառավարությունն ինչ կարծիք ունի այդ հարցի առնչությամբ, սակայն վստահ է, որ հարցը կքննարկվի, քանի որ իր երկրում կա հետաքրքրություն Եվրասիական տնտեսական միության հանդեպ:
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, թե իմ կառավարության տեսակետն այս հարցի առնչությամբ ինչպիսին է, բայց կարծում եմ, որ մենք կհետեւենք եւ հաշվի կառնենք այդ հարցը: Թեհրանը հետաքրքրություն ունի Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, քանի միությունում ընդգրկված են նրա հարեւան պետությունները եւ մեր քաղաքականությունն ու առաջնահերթություններից մեկն է ունենալ լավ հարաբերություններ հարեւանների հետ: Եւ դա նկատի ունենալով՝ մենք ապագայի համար հաշվի կառնենք այդ հարցն ու կհանգենք եզրակացության՝ ինչ անել»,- ասաց Ռեյիսը:
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ դեսպանն ասաց, որ դրանք գնալով ավելի ու ավելի են զարգանում եւ ներկա դրությամբ հարաբերությունները լավագույն մակարդակի վրա են:
Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ունեցած ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ԵԱՏՄ-ի ապագայի մասին, կարեւորել էր համագործակցությունն ու առեւտրատնտեսական կապերի հաստատումը այլ երկրների հետ:
«Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Տարբեր երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը: Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը»,- ասել էր Հհ նախագահը: