Բարձրագույն կրթության վրա է կառուցվում գիտելիքահեն հասարակությունը. ՀՀ նախագահ
SocietyԲարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում է գիտելիքահեն հասարակությունը: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի մեկնարկին նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծեց, որ առանց համակարգային հիմնախնդիրների բարելավման հնարավոր չէ լուծել կրթական խնդիրները: «Հայաստանը, Բոլոնիայի անդամ դառնալով, իր համար նոր հարթակ ձևավորեց և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձը: Առկա խնդիրները լուրջ մարտահրավերներ են եվրոպական կրթական տարածքի համար: Առավել քան կարևոր է բարելավել աշխատաշուկայի պահանջները: Եվրոպական կրթական համակարգը մեծ ներդրում է ունեցել աշխարհի տարածաշրջանների կրթական համակարգի բարելավման համար»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի՝ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը պատասխանատու էր: «Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ: Հայաստանը մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով: Հայ ժողովուրդն ակնածանք ունի գիտելիքի նկատմամբ, միակ արժեքը, որ լուսավորել է ժողովրդի ուղին, եղել է հենց գիտելիքը, հոգևոր-մշակութային ժառանգությունը: Ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել»,-նշեց նա:
Նախագահը հավելեց, որ մեծ հպարտություն է, որ այսօր նորովի է արժևորվում հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը: Վերջին նման իրադարձությունը Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետի կոչման շնորհումն էր:
«Անհրաժեշտ է շփման և հաղորդակցման համար դյուրին գործիքներ ունենալ: Բոլոնիայի գործընթացի բարեփոխումներն աջակցել են ուսանողակենտրոն համակարգի ստեղծմանը»,-նշեց նա՝ հավելելով, որ ոչ բոլոր արգելքներն են հաղթահարված:
Նախագահն ընդգծեց նաև, որ կրթությունն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ծառայելու համամարդկային նպատակներին: Նա հավելեց, որ տարին յուրահատուկ է, քանի որ այս տարի ոգեկոչում ենք ցեղասպանության 100-րդ տարելիցի զոհերի հիշատակը և փորձում կառուցել անվտանգ միջավայր:
Երևանում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթա ցն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: