Հայաստանի կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն. Արամ Սիմոնյան
SocietyՀայաստանի կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն, ավելի դյուրազգաց փոփոխությունների նկատմամամբ: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:
«Բոլոնիայի հիմնական նպատակը կոնկրետ մեր երկրի համար բարձրագույն կրթական մակարդակը եվրոպական գիտակրթական ընդհանուր տարածքի մաս դարձնելն է: Իհարկե, Խորհրդային Միության կրթական համակարգը շատ բարձր էր, բայց ասել, որ մենք այսօր ավելի ցածր մակարդակի վրա ենք, քան խորհրդային կրթական համակարգն էր, շատ սխալ է: Մենք շատ ավելի առաջ ենք անցել, և այստեղ շատ մեծ է Բոլոնյան կրթական համակարգի դերը»,- նշեց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ նոր համակարգը պահպանել է հին կրթական համակարգի լավագույն մասերը: «Մենք, կախված իրավիճակից և ժամանակից, շատ արագ կարողանում ենք փոփոխությունների ենթարկվել: Ընդ որում՝ դա արվում է բավականին դինամիկ ձևով: Երկրորդ հանգամանքն այն է, որ մեր բարձրագույն կրթության համակարգը ավելի է մոտեցել հասարակությանը, դարձել է ավելի հասկանալի ու ընդունելի, ավելի թափանցիկ ու վերահսկելի, ավելի է կարևորում ուսանողների պահանջմունքների բավարարումը: Ուսանողն այսօր ընտրության հնարավորություն ունի: Ես կարծում եմ, որ այս բոլորը մեծ առավելություններ են, որ չկային նախկին Խորհրդային Միության բարձրագույն կրթական համակարգում: Ցավոք, մենք այսօր շատ քիչ ենք խոսում մեր կրթական համակարգի որակի մասին: Կրթական համակարգում մենք ունենք բազում խնդիրներ, բայց մեր բարձրագույն կրության համակարգը անհամեմատելի է նախկինի հետ»,-նշեց նա:
Երևանում մեկնարկել են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակի ապահովումը, փոխճանաչումը, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցումը: