Դմիտրի Լիվանովն այցելեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
SocietyԵվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի շրջանակներում Երևան ժամանած Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովն այցելեց Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարան:
Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ողջույնի խոսքում նշեց, որ իր ղեկավարած համալսարանը գոյության 15 տարում մեծ ծավալի աշխատանք է կատարել: «Մենք պետք է հպարտությամբ նշենք, որ Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը հիրավի դարձել է Հայաստանի լավագույն համալսարանը, որը ուղենիշ է ծառայում մեր երկրում գործող բազմաթիվ համալսարանների համար: Բացի այդ` Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը մտնում է Ռուսաստանի առաջատար 50 լավագույն համալսարանների շարքում, ինչը խոսուն փաստ է»,- նշեց նա:
Իր հերթին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը գոհունակություն հայտնելով Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանի որակական կրթական ծրագրերի և նյութատեխնիկական բազայի առկայությունից, նկատեց, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել համալսարանի նոր ծրագրերի համար: «Այս համալսարանը շատ կարևոր օղակ է Հայաստանի և Ռուսաստանի մշակութային և կրթական կապերը ամրապնդելու տեսանկյունից: Ես շատ հպարտ եմ, որ այսօր գտնվում եմ այս հրաշալի կրթօջախում և շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր 15 տարի առաջ հավատացին այս համալսարանի ստեղծման գաղափարին և միասին ստեղծեցին այս հրաշալի հաստատությունը»,-ընդգծեց նա:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման< /i> և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: 1997 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 543 որոշումը Երևանում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման մասին: