Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գները
SocietyՄինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ին N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N662-Ն որոշման համաձայն, 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150.000 դրամ, 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 120.000 դրամ, 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 80.000 դրամ, մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 60.000 դրամ:
Գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար: