Վանաձորի քաղաքապետարանը մշակում է քաղաքի ճոպանուղին վերագործարկելու ծրագիր
SocietyՄշակվում է Վանաձորի ճոպանուղին վերագործարկելու նոր ներդրումային ծրագիր: Դրան ծանոթանալու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ ներկայացվեցին ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները:
Լրագրողների հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Տիգրան Պապանյանը նշեց, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: «Ճոպանուղու գործարկումը կնպաստի, որպեսզի Վանաձորում զարգանա զբոսաշրջությունը, և ստեղծվի նոր հանգստյան գոտի: Նախկին ճոպանուղն ավարվել էր 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Վստահ ենք, որ այն գործարկելու նախագիծը հաջող ներդրումային ծրագիր կլինի»,-ընդգծեց Պապանյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վարչապետին տեղեկացրեց, որ մոսկվաբնակ հայազգի երկու գործարար եղբայրներ ցանկություն ունեն մասնակցելու ճոպանուղու ներդրումային ծրագրին: Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց առաջիկայում ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիրը, որից հետո էլ այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ:
Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու քաղաք այցելող զբոսաշրջիկների թվի աճին: