ԿԳ նախարարն իր հոլանդացի գործընկերոջ հետ քննարկել է հայ համայնքի համար դպրոց հիմնելու հարցը
SocietyԵրևանում Մայիսի 14-15-ին անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 15-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարար Ջեթ Բուսեմեկերի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել իր հոլանդացի պաշտոնակցին գագաթաժողովի քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով` գագաթաժողովը կարևոր է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Մասնավորապես, նախարարն անդրադարձել է Լեյդենի համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեության խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ բուհը մեծ ավանդույթներ ունի հայագիտության դասավանդման հարցում: Այդ նպատակով առաջարկվել է համագործակցային բազմաշերտ ծրագիր, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հոլանդիայի հայ համայնքի համար կիրակնօրյա դպրոց հիմնելու հնարավորությանը, ուր հ այ աշակերտները կարող են ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայոց լեզվին: Նախարարն անդրադարձել է նաև միջբուհական համագործակցությանը, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտում` ընդգծելով, որ վերոնշյալ կրթությունը կարող է գրավիչ և արդիական լինել:
Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարարը կարևորել է բուհերի միջև հորիզոնական սերտ կապերի ամրապնդումը և դրանց միջազգայնացման խնդիրը: Նա նաև անդրադարձել է ուսանողների փոխանակման և կրթաթոշակային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: