ԵԱՏՄ-ում երիտասարդների համար ստեղծվում է նոր միասնական կրթական ծրագիր
SocietyԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների երիտասարդության շրջանում քաղաքացիական դիրքորոշման կայացման և ինտեգրացիոն գործընթացների մասին պատկերացում կազմելու նպատակով ստեղծվելու է «Եվրասիական ինտեգրում» նոր միասնական կրթական ծրագիրը:
«Եվրասիական տնտեսական միություն ստեղծումից ի վեր անհրաժեշտություն է առաջացել ԵԱՏՄ անդամ պետություններում ստեղծել նոր միասնական կրթական ծրագիր: Ծրագրի ստեղծման համատեքստում շատ կարևոր եմ համարում «Նոր Եվրազիա» ամսագրի ստեղծումը, որի շնորհիվ ԵԱՏՄ-ում գործող համալսարաններին և այնտեղ սովորող երիտասարդությանը գերազանց հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու և համադրելու ԵԱՏՄ անդամ երկրների երիտասարդ սերունդների մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ»,- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կայացած շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտնեց «Նոր Եվրազիա» ամսագրի գլխավոր խմբագիր Գալինա Սկորոբոգատովան և հավելեց, որ ԵՊՀ-ի ուսանողների 9 հոդված զետեղվել է ամսագրի առաջին համարում:
Ռուսաստանի Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Սերգեևը նկատեց, որ «Եվրասիական ինտեգրում» միասնական կրթական ծրագիրը նախատեսված է համալսարանի բարձր կուրսերի ուսանողների, ասպիրանտների, մագիստրոսների և երիտասարդ գիտնականների համար: «Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվություն փոխանակելու ԵԱՏՄ անդամ պետությունների երիտասարդության միջև, ինչը կնպաստի Ձեր քաղաքացիական դիրքորոշման կայացմանը և ինտեգրման գործընթացների մասին պատկերացում կազմելուն, իսկ դա շատ կարևոր է»,- շեշտեց նա։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ «Եվրասիական ինտեգրում» ուսումնական ծրագիրը կնպաստի ժամանակակից եվրասիական հարթակի կառուցմանը։ «ԵԱՏՄ անդամ պետությունների համալսարանների հետ մենք քննարկում ենք, որ վերը նշված ուսումնական ծրագիրը ներառվի բուհերի կրթական ծրագրեր: Բացի այդ` մենք նախատեսում ենք նաև ստաժավորում կազմակերպել»,- ընդգծեց Սերգեևը:
Իր հերթին Հումանիտար հետազոտությունների ակադեմիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Խաչատուր Մարինոսյանը հույս հայտնեց, որ «Եվրասիական ինտեգրում» ուսումնական ծրագիրը նպաստելու է ԵԱՏՄ երկրների գիտական շրջանակների, մշակույթի գործիչների, ուսանողների և երիտասարդների մերձեցմանը: ««Եվրասիական ինտեգրում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել «Աշխարհաքաղաքականություն», «Քաղաքագիտություն» և այլ առարկաներ, ինչպես նաև հրատարակվելու է մեթոդական գրականությու ն»,-նշեց նա և հավելեց, որ վերը նշված ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի սեպտեմբերին: