Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները ստորագրել են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր
SocietyԱշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, առևտրատնտեսական փոխանակումների աշխուժացում, կրթության, էներգետիկայի, բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր:
Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։
Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրել են երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։