Արմեն Աշոտյանը և Թիերի Մանդոնը մասնակցել են ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի մասնաշենքի բացմանը
SocietyՀայ-ֆրանսիական համագործակցությունը խարսխված է նախևառաջ արժեհամակարգային ընդհանրության և ավանդական, մշակութային ու պատմական հարաբերությունների վրա: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարար Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնի հետ մասնակցեց Երևանի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ թիվ 119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացմ ան հանդիսավոր արարողությանը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ֆրանսիացի գործընկերոջ հետ կարողացանք բացել նոր մասնաշենքը: Ես կիսեցի իմ ցանկությունը նրա հետ առ այն, որ երազում ենք մի օր Հայաստանում ունենալ առանձին ֆրանսիական լիցեյ, որը կդառնա ֆրանկոֆոնիայի ավանդույթների շարունակողը՝ լիցեյ, որը թույլ կտա Հայաստանի կրթական համակարգում ունենալ ևս մեկ միջազգային կրթական ծրագիր»,- նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ շատ խորհրդանշական է համարում նաև այն փաստը, որ Բոլոնիայի քարտուղարությունն ու ղեկավարումը Երևանից փոխանցվել է Փարիզին: «Սա նույնպես շատ կարևոր համընկնում է: Մենք ուրախ ենք, որ կարողացանք հայ-ֆրանսիական հարաբերությունները ևս մեկ անգամ քննարկել և առաջ տանել բազմաթիվ նախագծեր այս միջազգային ձևաչափի մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն օգնել է բարեկարգել մասնաշենքի տարածքը:
«Հուսանք, որ մեր ընդհանուր երազանքը՝ ունենալ առանձնացված ֆրանսիական լիցեյ Հայաստանում, մեր ընդհանուր ջանքերով իրականություն կդառնա»,- ընդգծեց Աշոտյանը:
Թիերի Մանդոնն էլ նկատեց, որ շատ հուզված է: «Ես տեսնում եմ, որ այստեղ մեծ, նշանակալի աշխատանք է կատարվել, և մենք շատ խորհրդանշական երևույթի ենք ականատես լինում, որով արտացոլվում է հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- հավելեց նա:
Արմեն Աշոտյանը և Թիերի Մանդոնը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և այլ հյուրերի հետ շրջեցին դպրոցի տարածքով, զրուցեցին աշակերտների հետ, ունկնդրեցին ֆրանսիական երգեր՝ աշակերտների կատարմամբ:
2013թ.-ի հունիսի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան միջև կնքվել է կրթական համագործակցության հուշագիր, որի նպատակն է ավագ դպրոցում խթանել ֆրանսերեն լեզվի և ֆրանսերեն գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդրումը` ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, «Ֆրանսիայի պատմություն» և «Ֆրանսիայի աշխարհագրություն», «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաների ուսուցմամբ` շաբաթական տասը դասաժամով: 12-րդ դասարանի ավարտին քննությունները հաջողությամբ հանձնած աշակերտներին կտրվի ֆրանսերենի ուսուցման դիպլոմ, որը հնարավորություն կընձեռի ընդունվել Ֆրանսիայի տարբեր բուհեր: Ներկայումս գործում են 10 և 11-րդ դասարանները, որտեղ սովորում է 53 աշակերտ: Ուսուցման համար նախատեսված մասնաշենքը կառուցվել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի օժանդակությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության ֆինանսական ներդրման արդյունքում: