Տորոնտոյի հայերը դպրոց եւ մանկապարտեզ են կառուցում Արցախում
Society«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ Իվանյան գյուղում / ԼՂՀ Ասկերանի շրջան/ կառուցվում է համայնքի համար խիստ անհրաժեշտ երկու հաստատություն` մանկապարտեզ եւ համայնքային կենտրոն: Ծրագրերը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
Մանկապարտեզի շենքն արդեն պատրաստ է: Ընթացքում են դռների ու լուսամուտների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքները: Եղանակի բարելավելուն պես կսկսվի բակի բարեկարգումը: Աշնան վերջին արդեն կահավորված մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի գյուղի շուրջ 70 փոքրիկներին: Նրանցից 14-ը խնամք եւ նախադպրոցական ուսում է ստանում համայնքի դպրոցում հարմարեցված դասասենյակում: Մանկապարտեզը Տորոնտոյի հայ համայնքի հանգանակություններով իրականացվող 10-րդ կրթօջախն է հայրենիքում:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ինչպես եւ անցած տարիներին, ժամանել է Արցախ ծանոթանալու ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ տորոնտոհայերի կողմից նախորդ տարիներին կյանքի կոչված հաստատությունների առօրյային եւ խնդիրներին, որոնք եւս հաջորդաբար լուծում են ստանում:
«Մեծապես կարեւորում ենք դպրոցների եւ մանկապարտեզների կառուցումը, քանզի այստեղ է ձեւավորվում մեր ապագան»,- ասում է արցախահայության մեծ բարեկամ Մկրտիչ Մկրտչյանը: Ատենապետն արդեն իսկ ունի նախընտրելի անուն այս համալիրի համար:
Անմիջապես մանկապարտեզի հարեւանությամբ կառուցվում է համայնքային կենտրոնը, որը մանկապարտեզի հետ միասին նոր կյանք կհաղորդի պատերազմից խիստ տուժած համայնքին: Շուրջ 1400 բնակիչ ունեցող համայնքն իր ներկայիս անունը ստացել է ի պատիվ արցախյան ազատամարտի հերոս Քրիստափոր Իվանյանի: