Արարատի մարզում Թանգարանային գիշերը կմեկնարկի Մեծ Եղեռնին վերաբերող ցուցադրությամբ
SocietyՀՀ մշակույթի նախարարության «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակներում, Արարատի մարզի Զանգակատուն համայնքի Պարույր Սեւակի տուն-թանգարանում, մայիսի 16-ին տեղի կունենան հագեցած ծրագրով միջոցառումներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ կրթության բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոչառումների մեկնարկը կտրվի եղեւնաշար ծառուղու երկայնքով տեղադրված լուսավորվող էկրանների վրա զետեղված՝ Մեծ Եղեռնին վերաբերվող լուսանկարների եւ հոդվածների ցուցադրությամբ: Թանգարանի տարածքում հնչելու են Կոմիտասի «Պատարագի», Մոցարտի «Ռեքվիեմի», ինչպես նաեւ Սեւակի ստեղծագործությունների ձայնագրությունները` հեղինակի կատարմամբ:
«Թանգարանի սրահում գրականագետները կկարդան «Կոմիտասի եւ հայ ժողովրդի նույնության եւ հարատեւության գաղափարը Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմում՚ թեմայով դասախոսություն, իսկ պրոցականները կարտասանեն պոեմից հատվածներ: Դրան կհաջորդի դարձյալ դասախոսություն` «Եռաձայն պատարագ» պոեմի 50-ամյակի կապակցությամբ: Այդ դասախոսությունը կկրի «Պատգամ ապրողներին» խորագիրը»,- տեղեկացրեց պատասխանատուն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց, որ «Թանգարանային գիշեր» նախագծի շրջանակներում նախորդ տարի տուն-թանգարան է այցելել 358 մարդ` Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, մայրաքաղաքից եւ Արցախից:
Արարատի մարզի մյուս` Արարատ գյուղում գտնվող, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում ծրագրի շրջանակներում եւս տեղի կունենա միջոցառումների շարք: Այնտեղ կայցելեն նրա ծննդավայրի երեք դպրոցների աշակերտները, ուսուցիչները, պատանի, երիտասարդ եւ վետերան երկրապահները, գյուղապետարանի աշխատակիցները: Ներկաներն Սպարապետի արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդնեն:
Լիլիթ Մաճկալյան