Սումգայիթյան ոճրագործության կեղծ վկայականը
SocietyԵրբ մարդ է մահանում, առաջին փաստաթղթային գործերից մեկը մահվան վկայականի ստացումն է: Դա է այն ապացույցը, որով պիտի շարունակես նրա ստեղծածը: Իսկ մենք այսօր կիսատ ենք շարունակում, կիսատ, քանի դեռ չունենք այդ մահվան վկայականը, որը պիտի միջազգային հանրությունն ընծայի, եթե երբևէ դա շահավետ լինի բոլորին: Եվ որքան էլ ուտոպիա թվա այդ վկայականի ստացումը, մեր գեները մեզ թույլ չեն տալիս հանձնվել, քանի դեռ փաստերը մեր կողմից են, քանի դեռ այդ կյանքի իրավահաջորդները կան:
2014 թվականի փետրվարի 26-ին Ադրբեջանում կլոր սեղանի շուրջ հավաքվեցին Ադրբեջանի` Կիկոսի ընտանիքը հիշեցնող վերնախավը և հանդես եկան Կիկոսի ժառանգներին մխիթարող և ոգևորող ելույթներով: Սույն ժողովի ժամանակ Ֆահրադ Մամեդովը (ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնoրեն) ասել է.
-Ստույգ հայտնի է, որ Սումգայիթի դեպքերը հրահրվել են ԽԱՀՄ հատուկ ծառայությունների ու հայերի կողմից:
Բարձրագոչ «Ստույգ հայտնի է» արտահայտությունը կարդալիս միանգամից հարց է առաջանում, թե ինչի վրա է հիմնված այս «ստույգ» լինելը: Ժողովի շարունակությանը ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ սույն ելույթի ժամանակ նրանց առաջարկած միակ փաստը www.sumqait.com կայքն է, որը, ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի վարիչ Ֆուադ Ալեսկերովի, պարունակում է ծանրակշիռ պատասխան՝ հայկական քարոզչությանը, և կայքում զետեղված են արխիվային նյութեր, քրեական գործերի նյութեր և բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Սումգայիթյան իրադարձությունները կազմակերպված են եղել հայ ազգայնամոլների և նրանց հովանավորների՝ Միխայիլ Գորբաչովի ու ՍՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեի կողմից:
Եթե ավելորդ ժամանակ ունեք, կարող եք այցելել այս կայք և ծանոթանալ հերոգլիֆների և անհասկանալի թվերի հետ, քանզի նման կայք պարզապես գոյություն չունի:
Սակայն Կիկոսի մահվան վկայականի գործով զբաղվում են ոչ միայն կիբեր աշխարհում, այլև գիտության ոլորտում:
Կատարելով Իլհամ Ալիևի՝ տարիներ առաջ Ադրբեջանի ակադեմիային իջեցրած քաղաքական պատվերը` Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հրատարակել է «Սումգայիթ 1988. Հանցագործություն և պատիժ» գիրքը, իսկ շնորհանդեսի ժամանակ հայտարարել, թե «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է բազմակողմանի օգնություն ցուցաբերել այդ աշխատանքին»:
1988թ-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց որոշում` դիմել Ադրբեջանի մարզից Հայաստանի մարզ տեղափոխվելու խնդրանքով: Ադրբեջանը գիտակցում էր, որ արդեն իսկ ճեղքեր տված Խորհրդային Միությունից ճակատագրի հեգնանքով իրեն բաժին ընկած Ղարաբաղը չկորցնելու համար պետք էր հետևել բարեկամ Թուրքիայի օրինակին` ցեղասպանություն: Սակայն հաշվի չէր առնվել մի կարևոր հանգամանք` ժամանակի գործոնը: Եթե 1915-ին կատարվելիքը «անմահացնելու» հնարավորություն չկար, ապա Սումգայիթյան եղեռնի կադրերը այսօր կարելի է գտնել յութուբում, որտեղ հստակ երևում է ադրբեջաներենով հաղորդակցվող և ցուցումներ տվող ազգայնամոլ ավազակախմբերի շարժումը:
Փետրվարի 22-ին ադրբեջանական բազմահազարանոց ամբոխը, Աղդամից շարժվելով Ասկերան, բախում հրահրեց, որից հետո ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը կենտրոնական հեռուստաալիքով հայտարարեց, թե 2 ադրբեջանցի են զոհվել` ադրբեջանցի ժողովրդից վրիժառուի կերպար ստանալով:
Փետրվարի 26-ին Լենինի կենտրոնական հրապարակում բազմահազարանոց հանրահանաք կազմակերպվեց, որտեղ Ադրբեջանի կուսակցական վերնախավը հայտարարեց, թե իբր Հայաստանում կոտորում են ադրբեջանցիներին, իսկ հավաքն ավարտվեց «մահ հայերին» կոչով: Հաջորդ օրը` փետրվարի 27-ին, սկսվեցին անասելի ջարդեր:
Եթե ադրբեջանցի «գիտնականների» միակ ապացույցը գոյություն չունեցող կայքն է, ապա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքը գրում է.
«Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք: Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), նախճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքներիի բաժանումը: Բացի այդ՝ անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն»:
Ադրբեջանի իշխանական վերնախավը իրեն հասած հայկական հողերը կորցնելու վախից սեփական ժողովրդին հանցագործ դարձնելու համար ծրագրել էր բոլոր մանրուքները:
«Առկա տեղեկությունները լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների (հայ ազգության 27 քաղաքացի) հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն՝ միայն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում գերազանցել է 70-ը»:
70 հայ, ովքեր այդպես էլ չունեցան իրենց մահվան վկայականներն ու ստեղծածը շարունակողներին: Մինչդեռ հարևան երկրում ապացուցում են մեկ ուրիշի մահը` Կիկոսի, ով, ցավոք, չէր հասցրել ծնվել:
Արուս Տիգրանյան