Սննդի որոշ տեսակներ օգտագործվում են որպես զենքի տեսակ. Սեդրակ Մամուլյան
InterviewԱյսօր Հայաստանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ զրույցում խոսել է արագ սննդի վտանգների մասին:
-Ինչու՞ է հենց արագ սնունդը տարածված երիտասարդության շրջանում:
-Արագ սննդի ցանցերն ուսումնական վայրերի տարածքում սնկի պես աճում են, որովհետև ուսանողները միշտ շտապում են ու ժամանակ չունեն, բայց օրգանիզմին սնվելուց 15-20 րոպե առաջ պետք է նախապատրաստել՝ գոնե ջուր կամ թան խմելով: Բայց հարստության հետևից վազող սննդի արտադրողները ժամանակ չունեն դրա մասին մտածելու:
Արագ սննդի համակարգը քաղցկեղի պես տարածված է ամբողջ աշխարհում, բայց երկրներ կան, որոնք արգելքներ են դրել արագ սննդի ցանցերի վրա: Եթե «արագ» բառը պատրաստելուն է վերաբերում՝ կարող ենք այն «կարելի» համարել, սակայն եթե վերաբերում է արագ ուտելուն՝ սա սարսափելի է, քանզի օրգանիզմն ունի սնվելու ժամ և ձև, և նրան արագ սնվելու փորձության ենթարկելը շատ վտանգավոր է:
Իսկ հայկական խոհանոցից ինչո՞վ կարելի է փոխարինել այդ արագ սնունդը:
- Բայց Արագ սննդի հայկական կազմակերպությունները որոշ չափով ընդունելի են, քանի որ, եթե սնունդը պատրաստվում է հայկական լավաշով՝ մի քիչ կարելի է հասկանալ: Իսկ եթե դասական ֆասթ ֆուդի «օգտակարության» մասին խոսենք, այստեղ թե՛ լցոնը, թե՛ հատկապես հացը, սարսափելի վատ վիճակում են: Դրանք քիմիական խմորիչներով պատրաստված, շատ արագ թթվածության աստիճանի հասցված խմորներ են. իբր թե ինչքան փափուկ, այդքան լավ:
Ավելի մեծ տարիքի մեր հայրենակիցները ունեցել են իրենց ժամանակի «ֆասթ ֆուդը», եթե համարենք, որ լավաշով պատրաստված բուռումները արագ սնունդ էին, բայց դա չափավոր երևույթ էր, այսինքն՝ բնական մսից, բանջարեղեններից պատրաստված, բայց մենք բուռումներով մեր երեխաներին քաղցած ժամանակ չենք կերակրել, այսինքն դա չի դարձել կենցաղ, դա եղել է հավելյալ սնունդ:
Հիմա հեռուստատեսությամբ անընդհատ տեսնում ենք շաուրմայի գովազդներ: Բայց այդ «շաուրմա» կոչվող հակասնունդը ամբողջությամբ հակասում է հայկականին: Որքա՞ն կարելի է անարժանապատիվ լինել, որ մեր Եղեռնի հարյուրամյակը միաժամանակ թուրքական շաուրմա ուտելով ենք հիշում: Սա արժանապատվության կորստի հետևանք է և ամեն գնով փող աշխատելու միջոց:
Մենք համարում ենք, որ սննդի որոշ տեսակներ օգտագործվում են որպես զենքի տեսակ, որովհետև երիտասարդության առողջական խնդիրներն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդ կվկայի, որ լուրջ անելիքներ ունենք: Դա զենքի մի տեսակ է, որի միջոցով կարելի է մարդուն զոմբիացնել և սերնդի շարունակականությունը ընդհատելու միջոց հանդիսանալ:
Այսօր մենք չենք գտնում մեր տեղական սորտի բանջարեղեն. ի՞նչ է չի՞ աճում, թե՞ սկսեց չաճել: Ո՛չ, ուղղակի մեզ շատ է հարկավոր գումար, իսկ այդ արհեստական սորտերը, որ ներկրվել են, շատ բերքատու են: Շատ փող աշխատելով՝ մենք ծառայություն ենք մատուցում օտարին, ով շահագրգռված է վատացնելու մեր առողջությունը: Այսպիսով՝ նրանց այդ ցանկությունը համընկնում է մեր՝ փող աշխատելու ցանկության հետ, և քարոզչամեքենան աշխատում է:
Իսկ մեր գործարարները այդ փողերը կարող էին ծախսել մեր որևէ ազգային սննդի բրենդ ստեղծելու և տարածելու վրա:
Պարոն Մամուլյանն առաջարկեց արագ սնունդը փոխարինել հայկական ապուրներով, թանապուրների տեսակներով, որոնք վաճառվում են հայկական շուկայում և շատ ավելի նախընտրելի են համբուրգերներից և պիցաներից:
Արուս Տիգրանյան