«Քոչարին» կարող է համալրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
CultureՀայկական «Քոչարի» պարը հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում ներառելը ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլև հաղթանակ: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ ենք փորձելու ընդգրկել ազգային «Քոչարի»-ն, որի համար հայտը կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Սպասում ենք քննարկումների». նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նա կարևորեց նման ձեռքբերումները՝ դրանք որակելով որպես ինքնության պահպանման պայքար:
Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին՝ նախորդ տարի նոյեմբերին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: 2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։