Հասմիկ Պողոսյանի հերթական «չախոխբիլին»` հանրության ականջներին. «դիսկո» ծրագրեր` նախարարական ուղեղում
AnalysisՄշակույթի քարուքանդ եղած ոլորտը հազիվ ոտքի կանգնեցրած ու մի կերպ մշակած նախարարուհի Հասմիկ Պողոսյանը օրերս տվել է իր հերթական սենսացիոն հարցազրույցը, որի ժամանակ նշել է. «Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում գնել է մի ամերիկացի, որը պահպանելու է այն որպես թանգարան, սակայն առաջիկայում իմ այցի ժամանակ ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք կբերեմ այդ ամենի մասին»:
Լրագրողների հարցին, թե ինչու մշակույթի նախարարությունը քայլեր չի ձեռնարկել տունը ձեռք բերելու ուղղությամբ, նախարարը պատասխանել է, որ նախարարությունը ռեսուրսներ չունի եւ նման գործունեությամբ էլ չի զբաղվում։
Համաձայնեք, որ մշակութասեր տիկնոջ նման հայտարարության վրա կարելի է միայն փռթկալ ու մի լավ ծիծաղել, սակայն դա միայն նրա մտքի փայլատակումն առաջին անգամ ընթերցելիս… Խորանալով գաղջի մեջ` հասկանում ես, որ ամեն ինչ լուրջ է, կամ, ասենք, չափից դուրս լուրջ…
Փաստորեն հայ ժողովրդի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեցող անձանց, նրանց թողած մշակութային հարստության վրա ՀՀ մշակույթի նախարարությունը չունի գումար վատնելու, դե, հասկանում եք, փոքր երկիր է, առանց այդ էլ բոլորն արտագաղթում են, ստվերներից մարդկանց դուրս հանել ու բյուջեն լցնել չի ստացվում, իսկ տրամադրված գումարներն էլ հազիվ ծայրը ծայրին են հասցնում ամբախ զամբախ որոշ ծրագրեր:
Հավանաբար այս տրամաբանությամբ շարժվելով է, որ պատմամշակութային կոթողները պահի տակ մի քանի ժամով վերածվում են հասարակաց տների կամ ինչ-որ անհասկանալի «կլուբնյակ» վայրերի: Իհարկե, այդ մասին երկար բարակ խոսելն այսօր արդեն անիմաստ է, քանի որ սխալները շտկելու ժամանակ եւ մեթոդներ այլեւս չկան, բայց, այնուամենայնիվ, մի քանի հարց բաց է մնում` ո՞ւր կամ ո՞ւմ գրպանն են գնացել իրականում մշակույթը մշրած տիկնոջ գլխավորությամբ եւ թույլտվությամբ կազմակերպված խայտառակությունների գումարները:
Դաժան եւ անհասկանալի իրականության ականատեսը լինելով` կոչ ենք անում մշակնախ-ին զուր ժամանակ չվատնել եւ չհետաքրքրվել Սարոյանի տնով, քանզի, ով գիտե, ամերիկահայ մեծն գրողի տան ինտերիերը որքանով դուր կգա տիկնոջը եւ ինչ նոր «դիսկո» ծրագրեր կառաջանան նրա ուղեղում, թող որ նախարարությունն աշխատի իր «խաշխորովածային» գործունեության շրջանակներում եւ բացառապես Հայաստանում, ամեն դեպքում տեղի բնակչությունը կարողանում է մի կերպ պարտակել ազգային խայտառակությունը…
Սոսե Չանդոյան