Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ բացվեց անասնաշուկա
SocietyՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, Ռազմավարական Զարգացման Գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անասնաշուկան կառուցվել է Ռազմավարական Զարգացման Գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեկցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությունը: Անասնաշուկայի բացման նպատակն է խթանել խոշոր եղջերավոր անասունների առևտուրը Սյունիքի տարածաշրջանում:
Սյունիքի և Վայոց Ձորի տարածաշրջաններում գործող անասնապահական շուկան կառուցվել է «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» նախագծի շրջանակներում: Այն հնարավորություն կտա ֆերմերներին բերել մեկ միասնական կազմակերպված շուկա և բարենպաստ պայմաններ ստեղծել կողմերի համար՝ իրականացնելու անասունների առքուվաճառքի առևտրային գործարքներ: Կկիրառվեն առևտուրը խթանելու նոր մեթոդներ, որոնք կնպաստեն ֆերմերների կարողությունների զարգացմանը` նրանց անընդհատ մատուցելով գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:
Անասնաշուկա-համալիրի տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին վարչական-գործարար բաժնի, դեղանյութի և ագրովաճառակետ-ցուցասրահների, հանրային սննդի սրահների հնարավորություններն ու նպատակային գործառույթները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին՝ շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և զարգացման ուղղվածություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար` հավելելով. «Գնահատելի է նաև Սյունիքի մարզպետարանի հետևողականությունն ու ակտիվ համագործակցությունը, գյուղապետերի ճիշտ աշխատանքը, ինչի շնորհիվ աշխատանքները կատարվել են որակով և ավարտվել նախատեսված ժամկետներում»:
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Lուկաս Գասսերը նկատեց, որ Սյունիքը շատ նման է իր հայրենիքին` Շվեյցարիային: «Ինձ համար մեծ հաճույք է լինել Սյունիքիում, որտեղ գեղեցիկ լեռներ կան, որտեղ ապրող մարդիկ հպարտ են և հայտնի են որպես լավ զինվորներ: Ես Սյունիքի և Շվեյցարիայի միջև մեծ նմանություններ եմ տեսնում. կարծում եմ՝ իրականացվող ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացումը: Մենք կշարունակենք համագործակցությունը, կիրականացնենք անասնապահության և գյուղմթերքի արտադրության խթանող ծրագրեր թիրախային 100 համ այնքներում: Սյունիքի հաջող փորձը մեզ դրդեց ծրագիր սկսել նաև Վայոց ձորում: Շնորհավորում եմ բոլորիս անասնապահական շուկայի բացման կապակցությամբ,- նշեց դեսպանը:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, խոսելով անասնաշուկայի կարևորության մասին, ընդգծեց.
«Անասնապահական շուկայի բացումն անկասկած դրական խթան կհանդիսանա տարածաշրջանում անասնապահության զարգացման համար, ուստի, երախտիքի խոսք եմ ուզում փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերի: Շվեյցարիայի կառավարության և նրա ֆինանսական զորակցությամբ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար և զարգացման ծրագրերին նոր չէ, որ ծանոթանում ու գնահատում են սյունեցիները: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են այնպիսի մեծածավալ ծրագրեր, ինչպիսիք են անասնապահության զարգացման ծրագրերը Գորիսի և Սիսիանի 40 համայնքներում , «Շուկաներ Մեղրիի համար», «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրերը. վերջինիս արդյունքում՝ Գորիսում փախստականների համար կառուցվեց 22 բնակարանոց շենք: Միայն նշված ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է ունենալու և դրա արդյունքում լուծում են ստանալու համայնքներում ծառացած բազում խնդիրներ»: