Պատմության թանգարանն այցելուներին ներկայացրեց մշակութային եղեռնին առնչվող նմուշներ
SocietyԹանգարաններում մշտապես պետք է աշխուժություն տիրի, և դա ոչ միայն «Թանգարանների գիշեր» միջոցառման ժամանակ: «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը: « «Թանգարանների գիշեր» միջոցառմանը Հայաստանի պատմության թանգարանը հանդես է եկել մի շարք միջոցառումներով: Մեզ մոտ բացվել է «Տարագիր գերդաստաններ» ցուցահանդեսը, թարմացրել ենք մեր մշտական ցուցադրություն ը, ունենք փոփոխություններ, ցուցադրում ենք նաև մշակութային եղեռնին առնչվող նմուշներ»-նշեց Սեդա Գալստյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 16-ի երեկոյան տեղի ունեցավ նաև գորգի վիրտուալ թանգարան կայքէջի շնորհանդեսը: «Ներկայացված գորգերի մեծ մասը հենց Հայաստանի պատմության թանգարանի նմուշներն են, թանգարանը մասնակցություն է ունեցել դրա ստեղծման գործին: Շատ ուրախ ենք, որ ժողովուրդը մասնակցում է մշակութային միջոցառմանը և շփվում է ազգային արժեքների հետ»-հավելեց նա:
Պատմության թանգարանում ևս այցելուների պակաս չկար: «Թանգարանների գիշեր»-ն այստեղ էլ վերածվեց տոնի:
«Թանգարանների գիշեր» միջոցառմանն այս տարի մասնակցեց 111 թանգարան: Թանգարանների թիվն այս անգամ ավելացել էր 10-ով: Տարբեր մշակութային օջախներում մայիսի 16-ին անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը թանգարան-այցելու կապն ամրապնդելն և հասարակության ուշադրությունը գրավելն էր:
Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: