Թբիլիսիում կայացել է Ցեղասպանության մասին պատվող գրքի վրացերեն հրատարակության շնորհանդես
SocietyԹբիլիսիում մայիսի 16-ին, «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում կայացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, այս առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը:
Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել են Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարբեր շրջաններից ժամանած պետական և հասարակական գործիչներ, հայ և վրացի գիտնականներ, պատմաբաններ, վրաց հասարակական և քաղաքական կազմակերպությունների առաջնորդներ, հրեական, ասորական, եզիդական, ուկրաինական, օսական, բուլղարական, լատվական և այլ համայնքային անդամներ, Թբիլիսիի հասարակայնության ներկայացուցիչներ:
Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով նաև գրքի հրատարակության աշխատանքային խմբի ղեկավարն է, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի կատարած աշխատանքներին` հանգուցային կետերից մեկը անվանելով վրաց հասարակությանը իրենց մայրենի լեզվով Հայոց ցեղասպանության մասին գիտականորեն հիմնավորված գրականություն մատուցելը: Նա ներկայացրել է աշխատանքային խմբի անդամներ թարգմանիչ Զոյա Մխիթարյանի, խորհրդական Գիվի Շահնազարի, խմբագիր Խաթունա Գափրինդաշվիլու, համակարգող Լևոն Չիդիլյանի, ս րբագրիչ Դիանա Տեր-Բաղդասարովայի և դիզայներ Գոգա Դավթյանի անդուլ աշխատանքը, որի արդյունքում իրականացել է գրքի հրատարակությունը:
Դոկտոր Ռուբեն Սահակյանը շնորհակալության խոսքեր է ուղղել Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ և աջակցությամբ իրականացվել է իր աշխատության թարգմանության հրատարակումը: Գիտնականը նշել է, որ գիրքն ավելի ծավալուն է և ամբողջական տեսքով հայերեն ընթերցողին կներկայացվի այս տարվա ավարտին, իսկ այս հրատարակության նպատակը եղել է վրաց ընթերցողին պարզ և համառոտ ներկայացնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության պատմությունը, նաև տարբեր քաղաքներում ու գյուղերում հայերի ինքնապաշտպանության ճակատամարտերը, որոնց շնորհիվ արևմտահայության մի մասը փրկվեց ոչնչացումից և հաստատվեց աշխարհի տարբեր երկրներում:
Թարգմանիչ Զոյա Մխիթարյանը խոսել է գրքի վրա աշխատելիս իր ապրումների և հուզումների մասին, ինչն էլ ավելի է խորացրել հայ լինելու հպարտությունը:
Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները: Այդ նյութերի լուսանկարային պատճեները դրվելով Հայոց ցեղասպանության մասին աշխատություններում, անհերքելի են դարձնում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը: Պարոն Մելքոնյանը ա րժևորել է այն, որ այս գրքում պատշաճ կերպով նկարագրված է Բաթումի նահանգում վրացիների ու հայերի, Դիարբեքիրում ասորիների, Տրապզոնում հույների դեմ իրագործված ցեղասպանությունը: Բանախոսն անդրադարձ է կատարել նաև հայերի նախահարձակման բացակայությանը` ընդգծելով, որ հայերի կողմից եղել են միայն ինքնապաշտպանական ճակատամարտեր: Ակադեմիկոսն իր խոսքն ավարտել է հույսով, որ վերոնշյալ աշխատությունն իր ներդրումը կունենա վրաց իշխանությունների կողմից արդարությունը ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը դատապարելու գործում:
Հավարտ միջոցառման` ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքում կարևոր իրադարձություն է անվանել Հայոց ցեղասպանության մասին վրաց հասարակության իրազեկման նպատակով առաջին ակադեմիական գրքի հրատարակությունը, ընդգծել է, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է եզդիների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ, ուստի քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել համարձակորեն նայել ճշմարտությանը և որոշ հանգամանքների պատճառաբանությամբ չշեղվել արդարության ճ անաչումից: Սրբազան Հայրը արժևորել է գրքում ինքնապաշտպանության ճակատամարտերի նկարագրությունը, որի արդյունքում փրկված հայերի մի մասը հաստատվել է Վրաստանում:
Գիրքը Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար է: