ՀՀ ՊՆ վարժարանը ՌԴ-ում մասնակցել է կադետական կորպուսների հավաքին
SocietyՌուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում ապրիլի 30-ից մայիսի 10-ը անցկացվել է համառուսաստանյան ռազմամարզական կազմակերպությունների և կադետական կորպուսների երիտասարդական կրթական «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» հավաքը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հավաքին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարության Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի ծրագրում ընդգրկված էին 10-ից ավելի սպորտային մարզաձևեր՝ հրաձգություն, երթարշավ, սուսերամարտ, լող, ուժային թեստավորում, արգելագոտու հաղթահարում, ծանրաքարի բարձրացում, փեյնթբոլ, ռազմատակտիկական խաղ, պատմական վիկտորինա և այլն:
Համառուսաստանյան հավաքը 46 թիմերի համար նաև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվելիք «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական կրթական հավաքների մասնակիցների ընտրական փուլն էր: Լավագույնը ճանաչված վեց թիմերին, որոնք օգոստոսին կմասնակցեն ծաղկաձորյան հավաքներին, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը հանձնել է հավաստագրեր: