Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու հարցը
SocietyԶանգվածային որոշ լրատվամիջոցներ «Սինջար» եզդիների ազգային միավորման կողմից հայտարարություն են տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետը անտեսել է եզդիների խնդրանքը՝ Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը տեղեկացրել է.
«Ազգությամբ եզդի Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկ քաղաքապետարանը, իսկապես, ստացել է դեռևս 2012 թվականին, «Սինջար» եզդիների ազգային միավորման կողմից, Բորիս Թամոյանի ստորագրությամբ։ Փողոցի անվանակոչման առաջարկությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, իհարկե, պետք է քննարկվի Երևանի ավագանու նիստում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկություններով փաթեթ, ինչն էլ խնդրել ենք առաջարկության հեղինակից և ստացել ենք։ Դրանից հետո հարցը քննարկվել է Երևանի ավագանու համապատաս խան հանձնաժողովում, որից հետո ամբողջական փաթեթը պետք է ներկայացվեր Երևանի ավագանու քննարկմանը, ինչի մասին էլ Երևանի քաղաքապետը հեղինակին ասել էր։
Սակայն քննարկման փուլում առաջ եկած փաստաթղթային որոշ անհամապատասխանությունների և նյութերի թերի լինելու պատճառով հարցը անցել է քննարկման մեկ այլ փուլ։ Հարկ է նկատել, որ մեկ կամ երկու կազմակերպության առաջարկը բավարար չէ ամբողջ համայնքի անունից ներկայացնելու համար, մինչդեռ առաջարկությունը արված էր եզդի համայնքի անունից։ Այդ պատճառով դիմեցինք Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյա նին և տեղեկացանք, որ առաջարկությունը, որը արվել է համայնքի անունից, ընդունելի չէ։ Ազիզ Թամոյանը ընդգծել է, որ եթե առաջարկություն է արվում համայնքի անունից, ապա պետք է քննարկված լինի միության ղեկավարության հետ և միայն միության գրությունը կարող է համարվել եզդի համայնքի կողմից առաջարկություն։
Եզդիների ազգային միության նախագահը համաձայնություն չի տվել, որ այդ առաջարկը քննարկվի համայնքի անունից, և խնդրել է ընթացք չտալ, մինչև միության կողմից համապատասխան միջնորդություն չլինի։ Նույն տեսակետն է հայտնել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը։ Կարծում ենք՝ որևէ ազգային համայնքի անունից առաջարկությունները պետք է միասնական լինեն, առանց ներքին տարաձայնությունների», - պարզաբանել է Գագիկ Բաղդասարյանը:
Նա հոդվածում հնչած՝ ազգային խտրականության ակնարկին ի պատասխան հիշեցրել է, որ Ջահանգիր աղան Երևանում մեծարվել է հուշարձանով, որը տեղադրված է Նոր Նորք վարչական շրջանում, ուր ամեն տարի մայիսին եզդի և հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի հերոսամարտի հաղթանակում մեծ ներդրում ունեցած եզդի հերոսին, ինչպես նաև նշել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Ջահանգիր աղայի անունով լսարան է անվանակոչված։