«Звезда в шоке». ԱԺ պատգամավորները նրա համար «իրար միս են ուտում»
AnalysisԼինում է, չի լինում Սյունիքի մի «առաքինի» մարզպետ է լինում, ով բախտի բերմամբ, թե պատահմամբ մշտապես հայտնվում է սենսացիոն իրադարձությունների հիթ շքերթում:
Ասում են, թե մարզպետը, ում անունը սովորաբար կապում են տաբեր «մութ» ու «սուտ» պատմությունների հետ, ամենևին էլ վատը չէ, դեռ մի բան էլ ավել՝ մեծ հարգանք ու սեր է վայելում իր հայրենի Սյունիքում, որտեղ ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ: Նրա հետ շփվողները տարատեսակ հանդիպումներից հետո մշտապես կիսվում են վառ տպավորություններով, ասելով թե «մի հոյակապ մարդ է, մի հրաշք անձնավորություն»:
Դատելով իր տված հարցազրույցներից եւ լրագրողների հետ շփումներից՝ կարող ենք հաստատել եւ վստահեցնել, որ վերջինս իրոք տիրապետում է բարեկրթության անգամ ամենաչնչին դետալներին, պահվածքը ազնվական է, խոսքը` պատմափիլիսոփայական…
Չե՞ք հավատում՝ դիտեք նրա հարցազրույցները. ոսկեղենիկ հայերեն, շիտակ և հատու խոսք...
Սյունյաց հպարտ լեռներից անցում կատարելով դեպի հայրենի խորհրդարան՝ նկատենք, որ իսկական ահուսարսափը հենց այստեղ է տիրում: «Ինտելեկտուալ» Խաչատրյանի անունը լսելուց հասարակ օրենսդիրները մի տեսակ ահավոր իրար են խառվում, մեկը զայրանում է, մյուսը՝ գոռգոռում, էն մյուսը՝ վախենում... Թե ինչո՞վ է պայմանավորված անհասկանալի այս իրարանցումը՝ դժվար է պատկերացնել, նման զարգացումների պատրաստ չէր անգամ ինքը` «Սյունյաց աստղը»:
Ինչեւէ, բացի տնական գզվռտոցներից՝ ՀՀ Ազգային ժողովում վերը նշված անձնավորության եւ նրա հայտնի որդու մասին մի շարք պատգամավորները ի խորոց սրտի ասացին. «է՜, հո կրակը չենք ընկել… մեկ-երկուս-երեք, որքան կարելի է հանդուրժել»…
Եւ իրո՛ք որ, պարոն Լիսկա, որքա՞ն կարելի է ունքը սարքելու փոխարեն մարդու աչք հանել, չէ՞ որ սա մարտի դաշտ չէ, իսկ հասարակ մահկանացուներն էլ ձեր թշնամիները չեն, որոնց ամեն կերպ պետք է ոչնչացնել, այն էլ՝ ամենադաժան ձեւերով:
Հիշեք, որ Սյունիքում բնակվող անձինք, ինչպես դուք եք սիրում նշել, հպարտ ժողովուրդ են, որոնք չեն վախենում ոչ մի թշնամուց…
Գոնե անցյալից դասեր քաղեք... Չէ՞ որ անցյալը ուսումնասիրելը Ձեր մասնագիտությունն է... Հո չե՞ք մոռացել, որ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր եք...
Սոսե Չանդոյան