ՀՅԴ-ն առաջարկում է փոփոխել «Հանրաքվեի մասին» օրենքը
SocietyԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում: Հիմնական զեկուցողը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ ՀՀ-ում «Հանրաքվեի մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2001թ., մինչդեռ դրանից հետո ոչ միայն սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, այլ նաև ընդունվ ել է ընտրական նոր օրենսգիրք: «Չնայած այն բանին, որ «Հանրաքվեի մասին» օրենքում 4 փոփոխություն եղել է, որոշ հարցեր բաց են մնացել, ուստի օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մի շարք սկզբունքային հարցադրումներ, որոնք կապված են հանրաքվեի՝ որպես անմիջական ժողովրդավարական ինստիտուտի գործադրման և ժողովրդավարության համակարգերի զարգացման առումով ներկա կարգավորուները թերի են կամ չեն ապահովում պատշաճ ժողովրդավարական ընթացք»,- ընդգծեց Մինասյանը:
Մինասյանն նշեց, որ քննարկվող նախագծով նախատեսվում է հավասար պայմաններ ստեղծել կողմ և դեմ արտահայտվողների համար: «Հայտնի է, որ ներկա կարգավորումների շրջանակում գրեթե չկան կողմի և դեմի քարոզչության ապահովման համար համարժեք հնարավորություններ: Ներկայի օրենքն ավելի շատ կառուցված է այն տրամաբանությամբ, որ կողմ արտահայտվողներն ազատորեն կարող են դա իրականացնել, և քանի որ որպես կանոն իշխանությունն ինքն է նախաձեռնում կամ իրականացնում հանրաքվե, որովհետև այսօր մեր սահմանադրությամբ այլ մեխանիզմ չկա, ստացվում է, որ ավելի շատ հնարավորո ւթյուն է տրվում կողմ արտահայտվողներին, իսկ դեմ արտահայտվողներն անտեսվում են: Այս տեսանկյունից մենք առաջարկում ենք ստեղծել մեխանիզմներ, որպեսզի կողմ և դեմ արտահայտվողների համար հավասար պայմաններ լինեն»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է կարգավորել նաև քվեարկության ընթացքը: Պատգամավորը հիշեցրեց, որ ներկա կարգավորումների համաձայն՝ միայն քվեաթերթիկներն են համարվում հատուկ հաշվառման փաստաթղթեր, և հանրաքվեի համար քվեածրարներ չկան: «Սա նշանակում է, որ քվեաթերթիկները կարող են բաց հրապարակային ներկայացվել, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը, հետևաբար առաջարկվում է, որպեսզի քվեաթերթիկների հետ մեկտեղ օգտագործվեն նաև քվեածրարներ»,- մանրամսնեց պատգամավորը:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել երրորդ կարևոր խնդիրը, որը վերաբերում է հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ժամկետին: «Ներկա կարգավորումների համաձայն՝ հանրաքվեն նախագահի հրամանագրով կարող է լինել Ազգային ժողովի համապատասխան որոշումը կայացնելուց հետո 45 օրից ոչ շուտ և 60 օրից ոչ ուշ ժամկետում, մինչդեռ ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք անհրաժեշտ գործընթացներ, որոնք այս ժամկետների տեսանկյունից համահունչ չեն: Մենք առաջարկում ենք այս ժամկետը 45-ի փախարեն դարձնել 55 օրից ոչ շուտ և 65 օրից ոչ ուշ ժամկետներում, ինչ ը հնարավորություն կտա կողմ և դեմ արտահայտվողների համար իրականացնել պատճաշ քարոզչություն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել հանրաքվեի ինստիտուտի դիտարկման արդյունավետությունը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ ի տարբերություն ընտրությունների, հանրաքվեն չունի վստահված անձի ինստիտուտ: «Սա նշանակում է, որ մենք պետք է ուժեղացնենք դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք, որպեսզի դիտորդների իրավունքները համահունչ լինեն ընտրական օրենսգրքով նախատեսված նորմերին»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը: