Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ուրմիայի հայկական դպրոցում
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ուրմիայի ազգային դպրոցի սաների մասնակցությամբ Սբ Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկյան» հանդիսասրահում միջոցառում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացանք «Ալիք» օրաթերթից: Միջոցառումը կազմակերպել է դպրոցի տեսչության և մշակութային հանձնախումբը: Բացման խոսքով հանդես է եկել Ադրինե Մեջլումյան-Գրիգորանը` ընդգծելով մեկ ու կես միլիոն հայ նահատակների նկատմամբ նոր սերնդի հավատարմությունն ամրապնդելու կարևորությունը: Նա շեշտել է, որ նահատակների հանդեպ հավատարմության դաստիարակությունն ամենօրյա աշխատանքի մաս է Ուրմիայի ազգային դպրոցում:
Միջոցառումը նվիրված էր հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով զոհերի սրբադասմանը: Աշակերտները ներկայացրել են խմբերգեր, մեներգեր և ասմունքներ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ներկաների թվում էին նաև հոգևոր այր Տեր Ներսես քահանա Բասիլյանը, պատգամավորներ, բարերարներ, ծնողներ ու ուրմիահայեր:
Միջոցառման ավարտին իր խոսքով հանդես է եկել Տեր Ներսես քահանա Բասիլյանը` նշելով, որ բազմաթիվ երեխաներ են նահատակվել ցեղասպանության օրերին, սակայն նրանց հաջորդ սերունդները կան ու շարունակելու են մեր ժողովրդի գոյությունը պահպանել աշխարհում: Ապա կոչ է արել ծնողներին քաջալերել իրենց զավակներին սիրելու հայկական արժեքները: