Վաչե Տերտերյանը մեկնաբանում է տեղական հանրաքվեում Սյունիքի «այո»-ի պատճառը
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Տավուշում, Սյունիքում և Լոռիում անցկացված տեղական հանրաքվեի մասնակցության ցուցանիշները նորմալ է գնահատում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտոնյան` նշելով, որ 30-60 տոկոսի մասնակցություն է ապահովվել: «Մասնակցության չափը նորմալ է, այդպես կարող եմ գնահատել: Այլ ընտրությունների հետ համեմատ` քիչ է մասնակցության մակարդակը, որի պատճառները կարող են լինել` նաÕ , անձնավորված ընտրություն չէ, չկան թիմեր, պայքարող անդամներ, շահագրգռված մասնավոր անձինք: Մարդիկ դրա մեջ որևէ շատ ակնհայտ վատ բան չեն տեսնում, որովհետև ակնհայտ վատ բանի պարագայում մարդու` գնալ «ոչ» ասելու մոտիվացիան ավելի մեծ է, քան անտարբեր «լավի» դեպքում»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է նրան, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքները մեծամասամբ «այո» են ասել համայնքների խոշորացմանը, ապա Վաչե Տերտերյանը նկատեց, որ Սյունիքի մարզի նշյալ համայնքներն ունեն համագործակցության մեծ փորձ, ինչը թույլ է տվել թոթափել միավորման բարդույթը: «Սյունիքի մարզում խոշորացվող փնջերը պատահական չեն ընտրվել, դրանց ընտրությունը եղել է որոշակի տրամաբանության ու թիրախավորման շրջանակներում: Քանի տարի է` խոսում ենք Տաթևի զբոսաշրջային կենտրոնի մասին, կառուցում ենք ճոպանուղի, ներդրողների թիմն է աշխատում նրանց հետ: Այս համայնքները իրար հետ շփվելու, համատեղ նախագծեր իրականացնելու բարդության փուլն անցել են: Այս պարագայում մեր իրազեկման աշխատանքներն, ակնհայտ է, որ ավելի մեծ արդյունք պետք է ունենային, քան այլ համայնքներում»,-հայտնեց Վաչե Տերտերյանը:
ՏԿԱԻՆ փոխնախարարը ընդգծեց, որ համայնքների խոշորացմամբ` փորձ է արվում համայնքների միջև կապերը բարոյական ու ընկերական հարաբերությունների հարթությունից տեղափոխել իրավական, կազմակերպչական դաշտ:
Մայիսի 17-ին Տավուշի, Սյունիքի, Լոռու 22 համայնքների բանկչությունը մասնակցել է տեղական հանրաքվեի` արտահայտելով իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը համայքների խոշորացմանը: Ընդհանուր առմամբ` հանրաքվեին մասնակցածների մեծամասնությունն «այո» է ասել համայնքների խոշորացմանը: