ՀՀ էկոնոմիկայի նախարարը E5P-ի հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի հետ կապված ծրագրերը
SocietyՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ-ի հոլանդական պատվիրակության ղեկավար Իրեն Յանսենի, հոլանդական խմբի տնօրեն Փոլ Վլաանդերենի և փոխտնօրեն Ռոնալդ Էլխյուզենի և այլ եվրոպական կառույցների ներկայացուցիրների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում ՎԶԵԲ տարեկան համաժողովի շրջանակում:
Մասնավորապես, Հոլանդական պատվիրակության ղեկավար Իրեն Յանսենի, հոլանդական խմբի տնօրեն Փոլ Վլաանդերենի և փոխտնօրեն Ռոնալդ Էլխյուզենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության հետագա հնարավորությունների, Հայաստանում իրականացվող ՎԶԵԲ-ի ծրագրերի ընթացքի, ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխությունների և այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հնարավորություններին:
Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) տնօրեն Անդերս Լանդի և կառավարիչ Եվա Մանիկի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի հետ կապված ծրագրերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը և պատրաստ է խորացնելու այն՝ հատկապես, որ տարբեր բնագավառներում երկիրն ունի մեծ ներուժ: Անդերս Լանդը և Եվա Մանիկն իրենց հերթին նշել են, որ առաջիկայում նախատեսվում է այց Հայաստան, որի ընթացքում, համագործակցության ուղիները հստակեցնելու նպատակով, կլինեն հանդիպումներ տարբեր շահագրգիռ գերատեսչություններում:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ռազմավարության և գործառնությունների գծով տնօրեն Աննա Բջերդեի հետ հանդիպմանը քննարկվել է բանկի` Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները:
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:
Համագործակցության հնարավորություններն են քննարկվել նաև Քուվեյթի հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարներ Ուալիդ ալ Բահարի և Յուսեֆ Ղազի ալ Բադերի, ինչպես նաև Standarts and Poor`s կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: