«Ասել եմ այն, ինչ մտածում եմ». Արտյոմ Մարկոսյանը պատասխանում է իրեն վիրտուալ «պատերազմ» հայտարարածներին
LifestyleLife.panorama.am-գրում է.
Այսօր առավոտյան հաղորդավար, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր բարկությունը հայտնելով երեկ երեկոյան Վիենայում «Եվրատեսիլ 2015» միջազգային երգի մրցույթի բացման արարողության ժամանակ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Եսայի Ալթունյանի կողմից Հայաստանի դրոշով տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրսթի ուսերին գցելու վերաբերյալ:
Հաղորդավարի գրառման վերաբերյալ համացանցում ակտիվ քննարկումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, չուշացան նաև դերասանի կարծիքի վերաբերյալ խիստ քննադատությունները: Սոցցանցի եվրոպական արժեքների կողմնակից օգատերերը, կարծես, վիրտուալ «պատերազմ» հայտարարեցին դերասանին՝ մեղադրելով նրան անհանդուրժողականության մեջ:
Կարդացեք նաև՝ «Թքած ունեմ սեռական փոքրամասնությունների, նրանց իրավունքների ու դրանք պաշտպանողների վրա». Արտյոմ Մարկոսյան:
Life.panorama.am-ը քննադատությունների վերաբերյալ լսեց Արտյոմ Մարկոսյանի տեսակետը: «Ես առհասարակ չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր իրենց ամեն բողոք, կամ մտահոգություն, կամ առհասարկ հոգեվիճակ արտահայտում են ֆեյսբուքի միջոցով: Ես խիստ հազվադեպ եմ գրառումներ կատարում իմ անձնական ֆեսյբուքյան էջում, և սա այդ հազվադեպ դեպքերից մեկն է: Պարզապես ինձ իսկապես բարկացրեց երեկվա այդ միջադեպը, որի մասին, չկարողանալով զսպել ինձ, որոշեցի արտահայտվել և ասել ամենը, ինչ մտածում եմ: Սա չի նշանակում, որ մեր հայկական դրոշի անարգման այլ միջադեպերը ինձ չեն մտահոգել, սա չի նշանակում, որ մեր երկրում այլ խնդիրներ չկան, որոնց մասին, ես կարող էի այսքան ժամանակ արտահայտվել իմ ֆեյսբուքյան էջում, պարզապես ևս մեկ անգամ եմ կրկնում, որ առկա խնդիրների մասին ես մշտապես արտահայտել եմ իմ կարծիքը, շատերը այդ մասին գիտեն, պարզապես դրա մասին չեմ գրել իմ սոցիալական էջում: Ես ունեմ իմ տեսակետը, և այսօրվա իմ գրառումը բացառապես իմ անձնական կարծիքն է, իսկ առհասարակ մեր երկրի ներսում և երկրից դուրս կատարվող յուրաքանչյուր անարդարություն ես որպես քրիստոնյա, որպես հայ և ՀՀ քաղաքացի երբեք չեմ ընդունել սխալն ու անընդունելին, և ինքս էլ դատապարտում եմ յուրաքանչյուր ոտնձգություն, որի արդյունքում անարգվում է հայի արժանապատվությունն ու իրավունքները, այս հարցում թող բոլորը համոզված լինեն»,-ասաց դերասանը:
Արտյոմ Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև իր կանխատեսումները «Եվրատեսիլ 2015» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հաղթանակի նկատմամբ հավակնությունների մասին. «Ինչպես իմ գրառման մեջ եմ ասել, այս պահին ևս մեկ անգամ կնշեմ, որ այս տարի ինձ համար մրցութային բարձր տեղ գրավելը կարևոր չէ, թեպետ, ըստ իս, մենք կզբաղեցնենք առաջնակարգ հորիզոնականներից մեկը: Այս տարվա մեր մասնակիցների և երգի առաքելությունն էլ ավելի հանրային կերպով մեր 100-ամյա խնդիրը ներկայացնելը: Կարծում եմ, թե գաղափարապես, թե երգի ընտրությամբ ամեն բան իր նպատակին կծառայի. սա իսկապես մեծ քայլ էր մեր համընդհանուր առաքելության իրականացման ճանապարհին»,- զրույցը եզրափակելով նշեց Արտյոմ Մարկոսյանը: