Արցախի «Ազատ հայրենիք» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր
Society«Ազատ հայրենիք» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, համաձայնագրով հաստատուն մտադրություն է հայտնվում ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությու նների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում:
«Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու: Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, եւ այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի:
Միջոցառմանը մասնակցել են երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները: