Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անունով
SocietyՌուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու մարզի արվեստասեր հասարակությունը:
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցևն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխադարձ կարևորելով մշակույթի, կրթության և հասարակական բնագավառներում երկու մարզերի միջև հաստատված համագործակցության նշանակությունը որպես երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների և բարեկամական կապերի առավել ընդլայնման երաշխիք:
Նույն օրը կայացել է ՌԴ Նիժեգորոդսկի նահանգի և ՀՀ Վայոց ձորի մարզի ղեկավարների գլխավորած պատվիրակությունների երկկողմ հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են մարզերի միջև տնտեսական համագործակցության զարգացման օրակարգում ներառված տարաբնույթ հարցեր:
Երկու մարզերի միջև դեռևս 2011թ.-ին կնքված տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման շուրջ համաձայնագրի շրջանակներում 2014թ.-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի հ.1 դպրոցն անվանականոչվել է Մաքսիմ Գորկու անունով: